Որպես ընտրությունների վերջնարդյունք, Փաշինյանը ստացավ խորհրդարան, որտեղ չունի փաստացի ընդդիմություն, ստացավ խորհրդարան, որն առ այսօր աջակցել է նրան և երբեք չի գնացել առճակատման, ստացավ ցանկացած օրինագիծ ցանկացած ձևաչափով և ժամկետում քննարկելու և հաստատելու հնարավորություն, սակայն այս բոլոր արտոնությունների հետ միասին Փաշինյանի իշխանությունը ստացել է նաև ահռելի պատասխանատվություն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ուղղություններով։ Այնպես որ, այսուհետ Հայաստանի Հանրապետության բոլոր հարցերը՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, արտաքին քաղաքականությունից մինչև կրթություն, մշակույթ և առողջապահություն, գտնվում են «Իմ քայլը» դաշինքի և, հատկապես վերջինիս առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա։
Նիկոլ Փաշինյանը սիրում է միշտ մատնանշել՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն պետաիրավական առումով՝ իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ «Իմ քայլը» դաշինքին, ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի։ Ճիշտ է, ժողովուրդն է ընտրել նրանց, սակայն ընտրության պահից սկսած իշխանությունը պատկանում է կոնկրետ քաղաքական ուժի և կոնկրետ մարդկանց, և հետագա բոլոր քայլերի համար, անկախ նրանից՝ դրանք կհանգեցնեն դրակա՞ն, թե՞ բացասական հետևանքների, պատասխանատվությունը կրում է ոչ թե ժողովուրդը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Այնպես որ, պարոնայք, ավարտվել է մեղադրանքներ հնչեցնելու, պատճառաբանություններ և արդարացումներ գտնելու ժամանակը։ Անկախ նրանից, թե ինչ է եղել նախկինում, ինչպիսին են եղել նախկին բոլոր իշխանությունները, այժմ իշխանության ձեր հերթն է, և դուք ունեք այնպիսի տոտալ իշխանություն, ինչպիսին Հայաստանի 3-րդ Հանրապետության ընթացքում չի ունեցել և ոչ մի քաղաքական ուժ։ Դուք տնտեսությունը ստացել եք զարգացման այնպիսի մակարդակում, ինչպիսին նախորդ և ոչ մի իշխանության ժամանակ չի եղել, պետական կառավարման համակարգն իր այսօրվա զարգացածությամբ ու հնարավորություններով երբեք այսքան բարձր մակարդակի չի եղել, այնպես որ, եթե անգամ համեմատվելու լինեք նախորդների հետ, ապա, անկասկած, այսօր դուք ունեք լավագույն մեկնարկային պայմանները, ուստի ամեն բան կախված է ձեզանից։ ՀՀԿ-ն անգամ Ազգային ժողովում չի լինելու, նախորդ իշխանություններն արդեն անցյալում են, հիմա ձեր հերթն է, աշխատեք տեսնենք, թե դուք ինչ արդյունք կապահովեք։ Հետհաշվարկը սկսված է, դուք ունեք ուղիղ 5 տարի ժամանակ։
Ձեզ ընտրել է ժողովուրդը, և վերջում ևս գնահատելու է նույն ժողովուրդը, և ձեր գնահատման հետհաշվարկի ժամացույցն արդեն գործի է գցվել։ Պետք է նաև գիտակցեք, որ, եթե ձեզ մոտ չստացվի, ապա այս անգամ մեղավորը բացառապես դուք եք լինելու, քանզի որևէ մեկին, քաղաքական որևէ ուժի մեղադրելու իրավունք պարզապես դուք չեք ունենա։ Կմնա միայն մեղադրել ժողովրդին, որը ձեզ է ընտրել:
Մաքսիմ ՄՈՒՍԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում