Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի վարչության մեկ այլ անդամ հաստատեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արարատ Միրզոյանին. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 13,2018 12:25

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում երեկոներն անցնում են թեժ քննարկումներով։ Օրակարգում Ազգային ժողովի ղեկավար կազմի եւ կառավարության անդամների նշանակման եւ վերանշանակման հարցերն են։ Այն, որ քննարկումները բուռն են, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Կոտայքի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այժմ քննարկում ենք, թե քաղաքական թիմն Ազգային ժողովում եւ կառավարությունում ինչ ներկայացվածություն է ունենալու։ Քննարկվում է մարզպետների հարցը։ Լինելու են վերանշանակումներ, նշանակումներ, փոփոխություններ։ Մենք այժմ այն փուլի մեջ ենք, որը հաջորդում է Ազգային ժողովի ընտրություններին։ Սակայն դեռ վերջնական որոշումներ չունենք»,- ասաց Կոտայքի մարզպետը, որն, ի դեպ, ռեյտինգային ընտրակարգով մոտ 21 հազար քվե էր ստացել։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ ՔՊ-ում ապագա պաշտոնյաները այս օրերին լուրջ փորձությունների են ենթարկվում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի խոսքով՝ ԱԺ կամ կառավարություն գործուղելուց առաջ հաշվի են առնում, թե տվյալ անձը քաղաքական ինչ կերպար ունի։ «Հաշվի ենք առնում անցած քաղաքական ճանապարհը, քաղաքական կերպարը, որովհետեւ 70 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը լրջագույն պատասխանատվություն է ստանձնել մեր երկրում եւ կադրային քաղաքականությունը, մասնավորապես, քաղաքական նշանակումների առումով շատ մանրակրկիտ ենք քննարկում»,- մանրամասնեց Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ամեն օր՝ աշխատանքային ժամից հետո, ՔՊ-ում վարչության նիստեր են գումարում։ ՔՊ-ի վարչության մեկ այլ անդամ էլ մասնավոր զրույցում հաստատեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ «Իմ քայլը» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, իսկ Լենա Նազարյանին եւ Ալեն Սիմոնյանին՝ փոխնախագահների պաշտոնում։ Մեր զրուցակիցը նաեւ փոխանցեց, որ առայժմ հայտնի չէ, թե հանձնաժողովի նախագահներն ովքեր են լինելու, անդրադարձ չի եղել նաեւ կառավարության կառուցվածքին:

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31