2018թ-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ նշում է, որ այս ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշներին համաձայն, ինչը նաև հաստատվել է ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունների կողմից: Ընտրություններին մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեարկությամբ հաստատել են, որ ընդունում են էական քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել ապրիլ և մայիս ամիսներին` «թավշյա հեղափոխության» արդյունքում:
Լեհաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ձգտելու է ակտիվացնել համագործակցությունը նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո ձևավորված ՀՀ նոր կառավարության հետ: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը լիահույս է, որ երկկողմ համագործակցությունը հնարավոր է առավել դինամիկ դարձնել քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտության ոլորտներում: Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի արդիականացման ուղղությամբ:
Լեհաստանի կառավարությունը ըմբռնում է հայ-լեհական համագործակցության ինտենսիֆիկացման անհրաժեշտությունը ԵՄ-ում գործող իրավական չափանիշներին Հայաստանը մերձեցնելու գործընթացում: Մեր կարծիքով համագործակցության լավագույն մոդելը Լեհաստանի փորձագետների աջակցությունն է ՀՀ և ԵՄ օրենսդրությունների ներդաշնակեցման գործում: Հպարտությամբ վերահաստատում ենք, որ ԵՄ անդամ պետությունների շարքում Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է 2017թ-ի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /CEPA/:
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը ցանկանում է սրտանց շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Հայաստանի արդի պատմության մեջ նոր էջ բացելու առթիվ: Հուսով ենք, որ առաջիկա քաղաքական և տնտեսական փոփոխությունները կնպաստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը և բարօրությանը:
2018թ-ի դեկտեմբերի 12-ի Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության մամլո հաղորդագրություն