Դեկտեմբերի 15-ին նախատեսված են Նկարիչների միության համագումարը եւ նախագահի ընտրությունները, որին, սակայն, միության անդամները տեղեկացել են ընդամենը օրեր առաջ։
Գեղանկարիչ, միության անդամ Գագիկ Խաչատրյանն ասում է, որ տարիներ շարունակ ոտնահարված է եղել իրենց տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նախորդ անգամները, այս անգամ էլ համագումարի մասին տեղեկացել է շատ պատահական՝ մի քանի օր առաջ՝ գործընկերներից։ Պատճառը պարզ է. «Ինքը՝ Աղամյանը, չի ուզում, որ շատ մարդիկ տեղյակ լինեն, նա ում ուզում է, ում հետ գործարքների մեջ է, նրանց է միայն ասում, որպեսզի քվորում ապահովեն ու վերջ»։
Նկարիչների միությունը, ըստ նրա, իր ցուցասրահներով հանդերձ, չի ընդունվում իբրեւ հարազատ օջախ։ «Մի քանի հոգու ձեռքում է։ Եղեռնի 100 ամյակին նվիրված ցուցահանդեսին էլ դրվեցին ու հանվեցին մի շարք նկարիչների գործեր, այդ թվում՝ իմը»,- ասում է ու հավելում, որ ոչ մի բացատրություն միության նախագահից չի լսել, միայն՝ ներողություն. «Ինչո՞ւ են նկարիչները խռոված, վիրավորված, որովհետեւ 1-2 նման վերաբերմունք, էլ չեն գալիս միություն։ Աղամյանը խնդիր ունի միության անդամ նկարիչների մեծամասնության հետ, անկախ ամեն ինչից՝ ինքն իրեն սպառել է արդեն, հատկապես որ մի կես տարի առաջ ասել էր, որ էլ չի դնի թեկնածությունը, բայց նորից դրեց, այսինքն՝ խաբեց Նկարիչների միության անդամներին»։
Հաճախ կատալոգների տպագրության համար տրամադրել են իրենց նկարները, վճարել դրա դիմաց, բայց հետո պարզել են, որ իրենց գործերն ընդգրկված չեն այդտեղ. «Աղամյանը եթե ներսի ցուցահանդեսներն է ծածկադմփոց անում, դրսի ցուցահանդեսների մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք, կա՛մ ինքը չի կարողանում դա կազմակերպել, կա՛մ էլ ուղղակի չի անում»։ Նկարիչների համար խնդիր է նաեւ այն, որ, լինելով միության անդամ, պետք է 100 հազար դրամ վճարեն 10 օրով միության ցուցասրահներից մեկը վարձակալելու համար։
Նկարիչների միության անդամների թիվը հասնում է 1232-ի, դրանցից մոտ 300-ը դրսում են, կան նաեւ մահացածներ, մասնագիտությամբ բժիշկներ, որոնք վարչության մեջ են։ Նա համոզված է՝ պետք է վերանայվեն միության անդամ դառնալու չափանիշները, պարտականությունները, իրավունքները. «Վարչության մեջ բժշկի դիպլոմով մարդ կա, այստեղ էլ փոփոխությունների անհրաժեշտություն կա, որ Նկարիչների միության նախագահն ունենա հնարավորություն, որպեսզի ինքն առաջադրի վարչության անդամներին, որովհետեւ նրանց հետ ինքը պետք է աշխատի։ 1998թ.-ի՝ նոր կանոնադրությամբ շատ ծիծաղելի կետեր կան, օրինակ, սա՝ մինչեւ 14 տարեկան անձը կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Մինչդեռ աշխարհում նման միությունների մեջ ընդգրկված են պրոֆեսիոնալներ, այսինքն՝ որակ, կրթական ցենզ պիտի ունենան, որոշակի քանակի ցուցահանդեսներ արած լինեն, նաեւ որոշակի երաշխավորագրեր լինեն։ Իսկ սա գործող օրենքն է, որն ուղղակի անհրաժեշտ է փոփոխության ենթարկել»։
Վերջին տարիներին նկարիչները պարբերաբար պահանջել են Աղամյանի հրաժարականը, բայց, չգիտես ինչու, դա չի հաջողվել. «Շատ պարզ պատճառով՝ միության անդամներն ուղղակի տեղեկացված չեն, որպեսզի լինի մեծ քանակի համախմբում, թե չէ, եթե տեղյակ լինեին, գային համախմբվեին, ես վստահ եմ, որ ամեն ինչ կհաջողվեր»։ Թե ինչպես է 19 տարի շարունակ Աղամյանն ընտրվել, Խաչատրյանն ասաց. «Դա ե՞րբ է եղել՝ մինչեւ թավշյա հեղափոխությունը, իսկ այն ժամանակ՝ ծածկադմփոցով։ Հիմա նորից ինքը փորձում է այդկերպ, բայց ժամանակներն արդեն ուրիշ են։ Այս նոր ընտրությունները չպետք է լինեն այնպես, ինչպես ընդունված է եղել տասնյակ տարիներ՝ լցոնումներով, սա պետք է բացառել»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Կարեն Աղամյանի ֆեյսբուքյան էջից