Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Հրապարակում գոռալը, ասֆալտին խփելը, բետոնին խփելը պրծավ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2018 11:30

Իրավապաշտպան, ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ հեղափոխությունն ավարտված է, եւ դեկտեմբերի 9-ից սկսում ենք ապրել զրոյից, քաղաքական ուժերը նորովի են դիրքավորվելու, բայց նաեւ ակտիվանալու են հին մարտահրավերները:

– Ձեւավորվել է առանց հակակշիռների խորհրդարան։ Ի՞նչ հետեւանք կունենա։ Կառուցողական ընդդիմությո՞ւն է լինելու։

– Առանց հակակշիռների ցանկացած իշխանություն ունի փչանալու հատկություն, մանավանդ, երբ որ այն ավելի քան սահմանադրական մեծամասնություն ունի։ Ֆրանսիայում այդ հակակշիռը մեքենա վառելով է, մի ուրիշ տեղ՝ կառուցողական ընդդիմություն ասվածով։ Ախր, մեզ մոտ այդ կառուցողական ասվածն այնքան լղոզված է եղել։ Եղել է հանցագործ իշխանություն։ Դրա հետ կառուցողական ընդդիմություն լինելն անհասկանալի էր։

– ՀՀԿ-ի հետ ի՞նչ է լինելու։ Փողի իշխանության վրա ստեղծված կուսակցությունը շանս ունի՞ լավը դառնալու։

– Չէի ասի՝ փողի։ Դա եղել է Աշոտ Նավասարդյանի ստեղծած կուսակցությունը, մինչեւ իշխանություն դառնալն էլի իշխանության մաս է կազմել։ Եղել է համեստ, մի քանի ինտելեկտուալ ու հայրենանվեր մարդկանց կուսակցություն։ Հետո եկել է պահ, երբ որ ՀՀԿ-ն դարձել է հանցագործ իշխանություն։ Ես դեմ եմ քաղաքական ուժեր, կուսակցություններ փակելուն։ Հեղափոխության տրամաբանության մեջ էր, ու ես վստահ էի ինչ-որ պահի, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու այս ընտրություններին։

– Դուք դա ասում եք որպես իշխանափոխության արդյունքում հեռացած կուսակցության անդա՞մ։

– 1998-ի եւ 2018-ի իշխանափոխության միջեւ շատ մեծ տարբերություն կա։ Այն ժամանակ հեղափոխության հասարակական պահանջ չի եղել, փողոցում միտինգներ չեն եղել, գաղափարական պայքար է եղել, պատերազմի ու խաղաղության կուսակցության միջեւ բանավեճ է եղել, որի արդյունքում, Տեր-Պետրոսյանի խոսքով ասած, խաղաղության կուսակցությունը պարտվել է պատերազմի կուսակցությանը եւ հեռացել է իշխանությունից։ Դրանից հետո եկած ընտրություններին ՀՀՇ-ն չմասնակցեց իր որոշմամբ, որպես հեռացած քաղաքական ուժ՝ ճանապարհ տվեց մյուսներին, բայց սա չի նշանակում, որ ՀՀՇ-ն փակվեց կամ վերացավ։ Փառք Աստծո, տեսնում ենք, որ ՀՀՇ-ն, իսկ հետագայում՝ ՀԱԿ-ը, մնացին որպես ակտիվ, ամենադեմոկրատական ուժ, իր որոշումներ կայացնելու կերպով, ինտելեկտուալ բազայով։ Ես շատ կուզեի, որ էս տեսակ 4-5 կուսակցություններ լինեին, ու պայքարը գնար նրանց մեջ։ ՀՀԿ-ն կարող էր դրանցից մեկը դառնալ։ Հիմա օբյեկտիվ ատելությունը, որ կա դրա նկատմամբ, չի թողնում, որ դառնա:

 – Ի՞նչ է պետք, որ դառնա այդպիսին։

– Ես կուզեի, որ ՀՀԿ-ն որոշում ընդուներ ու դուրս գար քաղաքական բանավեճից։ Սեւ ու սպիտակ պաստառներից էլ հրաժարվեր, Դավիթ Շահնազարյանից ու Մենուայից էլ, որոնք բումերանգի պես եկան խփեցին իրենց։ Կուզեի մաքրեին իրենց շարքերը շմայսներից ու չգիտեմ ինչերից, ինտելեկտուալ կորիզը հավաքեին, ընդունեին իրենց արած-չարածը, ոչ թե ֆորմալ, ասեին՝ դե, մի քանի կարմիր լույսի տակով ենք անցել։ Թող վերցնեն Մարտի 1-ի պատասխանատվությունը, խոստովանեն, որ քաղաքական կոռուպցիան դարձրել էին քաղաքական թիվ մեկ գործիքը։ Թող նստեն իրենց Մելիք-Ադամյանում ու մտածեն։ 98-ից հետո 2012-ին է ՀԱԿ-ը պատգամավոր ունեցել։ Թող մի 5-10 տարի բաց թողնեն։ Ի տարբերություն մեզ, ֆինանսական մեծ ռեսուրսների են տիրապետում։ Թող այդ 5 հազար կառույցներից 1500-ն ունենան, բայց կդառնան կուսակցություն։ Իրենք գաղափար կրող կուսակցություն են։

ՔՈ կուսակցությունը սարքել էին, մարդկանց մեջ միտք առաջացավ, որ վերջապես սոցիալիստական ուժ է ձեւավորվել, ինտելեկտուալ, ջահել։ Եթե սա չլինի ընտրական պրոյեկտ, մնան, շատ լավ կլինի, կունենանք ազգայնական, լիբերալ, սոցիալական ուժ։ Գերմանիայում ո՞նց է. անուն չեն տալիս, ասում են՝ լիբերալները, պահպանողականները։

– Բայց Նիկոլն ասաց՝ «իզմ»-երի դեմ եմ։

– Հեղափոխությունը տարանջատեք։ Հրապարակում գոռալը, ասֆալտին խփելը, բետոնին խփելը պրծավ։ Նա այդ ամենն անում էր, որ դեկտեմբերի 9-ը տեղի ունենար։ Դա այլեւս պատմական իրողություն է։ Իր բոլոր ելույթները հեղափոխությունը սկսելու եւ ավարտելու տրամաբանության մեջ էին։ Հիմա սկսվել է նոր փուլ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31