Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացին ի վերջո պետք է կարողանա ընտրությունը դիտարկել որպես ոչ թե ուժեղին ձայն տալու առիթ. «Փաստ»

Դեկտեմբեր 13,2018 10:43

Անշուշտ, անհամեմատելի են այս ու նախորդ ընտրությունները, ավելին՝ հասկանալի է, որ այս անգամ իշխանությունն ընտրվել է ոչ վարչական ու ֆինանսական ռեսուրսի գործադրման հաշվին: Նույնիսկ անհասկանալի կլիներ, եթե հեղափոխական իշխանությունը չհաղթեր այս ընտրություններում: Խոսքն այլ բանի մասին է:

Հայաստանում երբեք տեղի չի ունեցել իշխանափոխություն ընտրությունների միջոցով: 1998թ. իշխանությունը փոխվեց ներիշխանական ինտրիգների պատճառով: Այս տարի էլ իշխանություն փոխվեց փողոցային պայքարով: Իհարկե, Հայաստանը մոտ է եղել իշխանությունն ընտրություններով փոխելու սահմանագծին, այն էլ մի քանի անգամ: Բայց երբեք այդ սահմանագիծը չի անցել, ինչպես որ մինչև այս տարվա պրոցեսները չէր անցնում փողոցային պայքարի սահմանը:

Եվ հենց այս ամենի արդյունքում համապետական ընտրությունները վերածվել են իշխանության ընտրությունների, ինչը դարձել է բավական անսովոր, մեծ հաշվով արատավոր վարքի դրսևորում, երբ հասարակությունն ինքնակամ կամ որոշակի ճնշման ներքո ընտրում է իշխանություններին՝ որպես կանոն դժգոհ լինելով վերևներից: Ընդ որում, ընտրում է բացառապես այդ պահին, և ինչպես ցույց տվեցին ապրիլ–մայիսի իրադարձություններն ու արդեն իսկ ավարտված խորհրդարանական ընտրությունները, ընտրելուց մի տարի անց կարող է որդեգրել լիովին հակառակ դիրքորոշում:

Ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը կենսական է Հայաստանի քաղաքական համակարգի համար մի քանի պատճառներով: Նախ՝ վերջապես Հայաստանը դուրս կգա ներիշխանական ինտրիգների կամ փողոցային պայքարի միջոցով իշխանության անցման հարցը լուծելու տուրբուլենտ ցիկլից: Երկրորդ՝ ընտրության արդյունքներով հաղթողի և պարտվողի որոշելը կնշանակի քաղաքական համերաշխություն քաղաքական ուժերի միջև, մի բան, որ այժմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չկա: Երրորդ՝ Հայաստանի քաղաքացին ի վերջո պետք է կարողանա ընտրությունը դիտարկել որպես ոչ թե ուժեղին ձայն տալու առիթ, ընդ որում, անկախ մոտիվացնող հանգամանքներից, այլ շատ կոնկրետ գործողություն, որը կհանգեցնի այս կամ այն ուժի հաղթանակին:

Հեղափոխությունը կոտրեց Հայաստանում իշխանության անփոփոխության կարծրատիպը: Հիմա արդեն ժամանակն է իշխանության փոփոխության գաղափարը դուրս հանել ներիշխանական ինտրիգների ու փողոցային պայքարի տրամաբանությունից, տեղափոխել բացառապես ընտրության տրամաբանություն և դարձնել սովորական, հերթական մի գործընթաց:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31