Կա շատ պարզ թեստ իմանալու համար՝ արդյոք այս կամ այն կուսակցությունը մեկ անձի կողմից եւ նրա հավակնությունները բավարարելո՞ւ համար ստեղծված կառույց է, թե՞ ունի որոշակի գաղափարական հիմք: Բավական է դիտել կամ կարդալ այդ կուսակցության անդամների հարցազրույցները եւ հաշվել, թե քանի անգամ է արտասանվում դրա ղեկավարի անունը: Եթե կուսակցականը 20 րոպեի ընթացքում 4-5 անգամ ասում է՝ «կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ներկայացրած ծրագրերը», «մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բազմամյա գործունեությունը», ուրեմն իմացեք՝ կուսակցությունը գոյություն ունի այդ առաջնորդի ջանքերով (հաճախ նաեւ՝ փողերով) եւ առանց այդ անձնավորության իրենից ոչինչ չի ներկայացնում:
Անշուշտ, «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես մի մարդու կուսակցություն է, եւ անցած ընտրություններում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձայն էր տալիս Փաշինյանին, ոչ թե «Իմ քայլին», բայց դա այլ պատմություն է:
Վերջին ընտրություններում, նախնական տվյալներով, «Օրինաց երկիրը» ստացել է 12389 ձայն, որը կազմում է ընտրողների 0,99 տոկոսը: 2017 թվականի ընտրություններում «Հայկական վերածնունդ» անվան տակ ՕԵԿ-ը հավաքել էր 58 265 ձայն (3,72 %) եւ դարձյալ չէր անցել խորհրդարան: Իհարկե, կարելի է ասել, որ 2017-ին ընտրությունների արդյունքները կեղծվել են, նկարվել են եւ այլն: Բայց եթե բոլորն ընդունում են, որ այս անգամ ամեն ինչ արդար էր, ապա ի՞նչն է պատճառը, որ ցուցանիշը նվազել է գրեթե հինգ անգամ:
Պատճառները մի քանիսն են: Առաջինն արդեն նշեցի՝ գաղափարախոսություն չունեցող մեկ մարդու կուսակցությունների ժամանակն անցնում է, եւ դրա մասին պետք է հիշեն ոչ միայն ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն, այլեւ իշխող կուսակցությունը: Երկրորդ՝ ՕԵԿ-ն այս ընտրություններում կրկնում էր այն, ինչ ասում էր մեկուկես տարի առաջ՝ ավանդները մե՛նք ենք վերադարձրել, մանկապարտեզները Երեւանում մե՛նք ենք անվճար դարձրել, պոլիկլինիկաների եւ դպրոցների սեփականաշնորհումը մե՛նք ենք կանխել: Եթե դա անգամ 100 տոկոսանոց ճշմարտություն լիներ, միեւնույն է՝ նախկիններում կատարված աշխատանքներն այն «քաղցրեղենը» չեն, որով ամեն անգամ կարելի է գայթակղել ընտրողներին:
Հիմնական պատճառը, իհարկե, 2008 թվականի իրադարձություններն են եւ այն, որ «մարտի 1-ի» սպանդից հետո Արթուր Բաղդասարյանը մտավ իշխանական կոալիցիա եւ դարձավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Խոսքն այն մասին չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում՝ դա, ինչպես հայտնի է, ոչ մեկին չի հետաքրքրում: Խոսքը հասարակական ընկալման մասին է՝ այն կարծրատիպերի եւ առասպելաբանության մասին, որոնք ձեւավորվել են մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության ուղեղներում: Չգիտեմ՝ արդյոք ՕԵԿ-ին երբեւէ կհաջողվի՞ կոտրել այդ կարծրատիպը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հաջորդ ընտրություններում չեն հիշվելու ո՛չ ՕԵԿ, ո՛չ ՀՀԿ: Չի լինի (համենայնդեպս ԱԺ չի անցնի նաև ԲՀԿ, եթե Ծառուկյանը հեռանա քաղաքական ասպարեզից և զբաղվի զուտ գործարարությամբ: Ցավոք, չեն լինի նաև ՀԱԿ, “Ժառանգությունը”, ինչպես այսօր չկան ԱԺՄ, ԱԻՄ և այլն: Աստված մի՛ արասցե նույն ճակատագրին արժանանա նաև “Քաղաքացիական պայմանագիրը”: Իսկ դրա համար հարկավոր է դաս քաղել ուրիշների սխալներից և չվերածվել կարիերիստներից բաղկացած բյուրոկրատական մեքենայի:
Հիշում եմ ժամանակին հեռուստացույցով մի գաղտնալսում հրապարակեցին՝ կարծեմ նախագահական ընտրությունների ժամանակ էր եւ հայտնի կուսակցության առաջնորդը իսկականից թե սարքովի հեռախոսով խոսում էր արտասահմանյան հայտնի հետախուզության ներկայացուցչի հետ՝ այսօրվա գաղտնալսումների ձեռագրին շատ նման եւ դրանից հետո այդ կուսակցական առաջնորդը բարձր պաշտոն ստացավ իրեն գաղտնալսող իր քաղաքական մրցակցի կողմից գրավված պետական համակարգում: Յ*խք: