Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին

Դեկտեմբեր 13,2018 13:00

«Առավոտը» յուրօրինակ մշակութային զուգահեռներ հայտնաբերեց Սպիտակ քաղաքի Գեղարվեստի դպրոցի եւ ներկայումս Գերմանիայում ապրող ու ստեղծագործող, կերպարվեստի ասպարեզում Եվրոպայում հաջողությունների հասած, նույնիսկ անհատական հավաքածուներում պահանջարկ վայելող նկարիչ, Սպիտակ քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Արարատ Հայդեյանի գործունեության միջեւ։

Արարատ Հայդեյանը, որը նաեւ Սպիտակ քաղաքի մինչերկրաշարժյան եւ հետերկրաշարժյան գլխավոր հատակագծերի մշակման ճարտարապետական խմբի կազմում էր, 1995-ից տեղափոխվեց Գերմանիա։ Նրա անունը կապված է գեղարվեստի դպրոցի հետ, որը այսօր էլ մարզի նշանակալի մշակութային օջախներից է: Այն հիմնադրվել է 1979 թվականին՝ Լեւուշ Հակոբյանի կողմից, որը շատ արագ մանկավարժական գործունեության մեջ ներգրավեց տաղանդավոր, ինքնատիպ ու հայտնի նկարիչ Արտաշես Հունանյանին, որը երկրաշարժից հետո տեղափոխվեց ԱՄՆ։ Շատ շուտ մանկավարժական խմբին միացավ նաեւ այն ժամանակ դեռեւս ճարտարապետ Արարատ Հայդեյանը: Դպրոցի շենքը 1988-ին երկրաշարժից լիովին ավերվեց, ստեղծագործությունների մեծ մասը ուղղակի ոչնչացան։ Ներկայումս շենքը վերակառուցված եւ կահավորված է մասնագիտական արվեստանոցներով: Նկարիչ Գոհար Մանուշակյանի ղեկավարած այս դպրոցի արվեստանոցները լեփ-լեցուն են սաներով, նրանցից յուրաքանչյուրն իր շնորհի բերումով կարող է ուսումնառություն ստանալ կերպարվեստի տարբեր ժանրերում՝ գեղանկարչություն, քանդակ, գոբելեն, կարպետագործություն եւ այլն։ Սպիտակի գեղարվեստի դպրոցն այսօր ընդհանուր եւ անհատական ցուցահանդեսների ձեւաչափով քաղաքն ու մարզը ներկայացնում է մշակութային բոլոր հարթակներում՝ քաղաքային, մարզային, հանրապետական, միջազգային։

Գոհար Մանուշակյանը՝ սաների հետ:

Անդրադառնալով Հայդեյանի «եվրոպական» շրջանին, նշենք, որ նա համադրելով գեղանկարչությունը, քանդակագործությունը եւ իր իսկ հիմնադրած նոր ուղղությունը՝ ռելիեֆային գեղանկարչությունը, Գերմանիայում ծավալել է ստեղծագործական եւ ցուցահանդեսային լայն գործունեություն։ Մեր հայրենակիցը հայտնի է Էլբա-Էստեր-Կլայստ պատմական տարածքում իր հիմնադրած Գուտ Սաատհայն քանդակների այգի-ստուդիայով, որն արվեստագետների համար դարձել է ցուցահանդեսային կենտրոն: Վաղուց խոսակցության թեմա են դարձել հայդեյանական մի քանի սիրված ստեղծագործություններ, ինչպես, օրինակ, «Շրյոդերի ամուսնական բարձերը» քանդակը, «Արվեստը շինարարության մեջ» ինքնատիպ հայեցակարգն ու ցուցահանդեսների շարքը եւ այլն։

Դպրոցի արվեստանոցներում:

Մեզ հետ զրույցում Արարատ Հայդեյանը նշեց, որ պատրաստվում է հունվարին Դրեզդեն քաղաքում կայանալիք մեծ ցուցահանդեսին, համառորեն լռելով երկար տարիների ընթացքում Սպիտակի գեղարվեստի դպրոցին ամեն կերպ իր աջակցության մասին: Դպրոցի տնօրեն Գոհար Մանուշակյանը բացելով փակագծերը, ասաց, թե Արարատ Հայդեյանը երբեք չի բարձրաձայնել իր բարեգործությունների մասին, ամեն կերպ աջակցել է դպրոցին՝ ֆինանսավորմամբ, մասնագիտական նյութերով ու ներկերով, գեղարվեստի դպրոցի սաներին Գերմանիա մասնագիտական շփումների տանելով, այնտեղ ցուցահանդեսներ կազմակերպելով, ինչպես նաեւ հարազատ Սպիտակ քաղաքին ճարտարապետական լուծմամբ հուշարձանային լուծումներ առաջարկելով: «Հեռվից հեռու նա տեղյակ է բոլոր խնդիրներին եւ լուծումներ է գտնում։ Այս ամենը՝ տասնամյակներ շարունակ, եւ միշտ լռելյայն»,- ասաց տնօրենը եւ հիշեցրեց, որ Սպիտակի քաղաքապետարանի շենքը կառուցված է Արարատ Հայդեյանի նախագծով եւ այն կանգուն մնաց երկրաշարժի ժամանակ ու գործում է մինչեւ օրս։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31