Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները դիմել են դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի դեմ

Դեկտեմբեր 13,2018 13:30

Վարչական դատարանում հերթական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 6-ին: Մինչդեռ, Սնանկության դատարանն իր գործունեությունը սկսելու է 2019 թվականի հունվարի 1-ից, այն դեպքում, երբ երկու դատավոր խնդիրներ ունեն:

Նրանց գործը վարչական դատարանում է: «Առավոտը» ներկայացնում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանի եւ Ալեքսեյ Մուքոյանի դեկտեմբերի 10-ի դիմումն ուղղված ԲԴԽ-ին ամբողջությամբ:

Կարինե Գալֆրեդի Պետրոսյանը եւ Ալեքսեյ Արշալույսի Սուքոյանը (այսուհետ՝ նաեւ Հայցվորներ), հանդիսանալով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ, ՀՀ բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են Սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու նպատակով տեղափոխվելու դիմում:

2018 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշումը (այսուհետ նաեւ` Վարչական ակտ), որի 1-ին կետի համաձայն որոշել է` Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել Արա Լեւոնի Կուբանյանի, Արթուր Լյուդվիգի Աթաբեկյանի, Արմեն Գառնիկի Չիչոյանի, Արմեն Օնիկի Խաչատրյանի, Արսեն Արտուշի Բաբայանի, Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյանի, Բագրատ Սերգեյի Մկրտչյանի, Գարիկ Կարոյի Ավագյանի, Գեւորգ Գրիշայի Նարինյանի, Լիլիթ Մարատի Կատվալյանի, Սամվել Եփրեմի Թադեւոսյանի, Տիգրան Ռոբերտի Փոլադյանի թեկնածությունները` Սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:

ՀՀ նախագահը, հիմք ընդունելով ԲԴԽ-ի Վարչական ակտը, 2018 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՆՀ-285-Ա հրամանագիրը:

2018 թվականի օգոստոսի 20-ին հայցվորները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու մասին եւ որպես հետեւանք՝ «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Մ. Պետրոսյան) 2018 թվականի օգոստոսի 20-ի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» թիվ ՎԴ/8512/05/18 որոշմամբ Հայցվորների ներկայացրած հայցադիմումը ընդունել է վարույթ: Գործը նախապատրաստական փուլում է: Հերթական դատական նիստը 2019 թվականի փետրվարի 6-ին է նշանակված:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Վերոնշյալ իրավական նորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը վիճարկման հայցի վարույթ ընդունմամբ կասեցվում է մինչեւ այդ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝ բացառությամբ այն դեպքի, երբ միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները՝

* Առկա է օրենքով նախատեսված դեպք:

* Վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Վերը նշվածի բացակայության պայմաններում վիճարկման հայցի վարույթ ընդունումը կասեցրել է վիճարկվող վարչական ակտի կատարումը:

Չնայած դրան` Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է ձեռնարկել միջոցներ Սնանկության դատարանը ոչ իրավաչափ գործարկելու ուղղությամբ:

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 11-րդ արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի 6-3 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Կոնվենցիայի հնարավոր խախտմամբ ծավալվող Սնանկության դատարանի ոչ իրավաչափ գործունեության սկիզբը 2019 թվականի հունվարի 1-ից վտանգի տակ է դնելու նշված դատարանի դատավորների կողմից իրականացված արդարադատությունը, առավել եւս՝ հարյուրավոր կայացվելիք դատական ակտերի իրավաչափությունը:
Բացի այդ, 2019 թվականի հունվարի 1-ից Սնանկության դատարանի գործարկումը գնահատվելու է որպես անհարկի միջամտություն հայցվորների վարչական գործի քննությանը, քանի որ նույնիսկ հայցվորների հայցը հիմնավոր գնահատելու պայմաններում վարչական դատարանը կխուսափի ենթադրյալ բավարարման վճիռ կայացնելու իրավական գործընթացից այն մտավախությամբ, որ օրինակ՝ 2019 թվականի մարտի 1-ի դրությամբ դատական ակտի կայացման դեպքում կդրվի 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը կայացված ակտերի իրավաչափության հարցը:

Չնայած դրան՝ ԲԴԽ-ն իրականացնում է միջոցառումներ Սնանկության դատարանի գործունեությունը 2019 թվականի հունվարի 1-ից ծավալելու ուղղությամբ` նույնիսկ դատարանի հնարավոր ոչ իրավաչափ ընտրված կազմի պայմաններում` վտանգելով դատական իշխանության կայունությունը, Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը:

Հարգելի Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, հորդորում ենք զերծ մնալ հայցվորների արդար դատաքննության իրավունքը խախտող հնարավոր գործողություններից:

Հարգանքներով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ

ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ,

ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆ

«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվող գործերի մեջ Բարձրագույն դատական խորհրդի դեմ առկա են մի շարք հայցադիմումներ: Մասնավորապես, դատավորների թեկնածուներ Գոհար Գրիգորյանի, Մարինա Թաշչյանի, Նոնա Գալստյանի, Սյուզաննա Պողոսյանի:
Մարինա Թաշչյանը մի շարք «դրվագներով» է դիմել դատարան, մի դեպքում իր դիմումի պատասխանը տրամադրելուն պարտավորեցնելու, մի դեպքում՝ ԲԴԽ նիստի օրակարգը,.նիստի համակարգչային ձայնագրությունը, Խորհրդի կողմից կայացված որոշման օրինակը ստանալու:
Սիմա Աբովյանը վիճարկում է այս տարվա հոկտեմբերի 31-ի գրավոր քննություններն ամփոփելու վերաբերյալ վարչական ակտ որոշումը անվավեր ճանաչելու, հայցվորին գրավոր քննությունների անցողիկ շեմը անցած համարելու եւ բանավոր փուլին մասնակցելու թույլտվություն տալուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատավոր Լիզա Գրիգորյանը վիճարկում է ԲԴԽ-ի հուլիսի 6-ի որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու վերաբերյալ քաղաքացիական մասնագիտացման մասով:

«Առավոտ» օրաթերթ

12.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31