Այն, որ ավարտված ընտրությունների արդյունքները վկայում են էյֆորիայի ազդեցության ներքո գտնվող ահռելի զանգվածի մասին, ակներեւ է։
Սա վկայում է, որ զանգվածը դեռ որոշակի ժամանակահատված լինելու է այդ ազդեցության ներքո։ Գուցե դա տեւի ամիսներ, գուցե 1 կամ 2 տարի։ Այս ընտրությունների արդյունքները վկայում են նաեւ, որ անգամ եթե եկող տարվա գարնանը կամ ամռանը լինեին ընտրությունները, ապա Նիկոլ Փաշինյանն, այնումենայնիվ, կկարողանար ստանալ ընտրություններին մասնակիցների առնվազն պարզ մեծամասնությունը։
Դա իհարկե հեղափոխության մահ կնշանակեր, քանզի չէր լինի միանձնյա կառավարում, որը նա ստացավ հիմա։ Թե ինչո՞վ է պայմանավորված էյֆորիայի պահպանվելու մասին եզրակացությունը, կարելի է տեսնել այս ընտրությունների արդյունքները երկու ամիս առաջ տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների հետ համադրելով։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ստացավ ձայների 81 տոկոսը։ Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էին ընտրելու իրավունք ունեցողների մոտ 43 տոկոսը կամ 370 հազար մարդ, որոնցից 295 հազարը ընտրեցին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կուսակցական ցանկին եւ այն գլխավորող քաղաքապետի թեկնածուին։
Եվ ահա համապետական ընտրություններին մասնակցում են ավելի մեծ թվով ընտրողներ՝ 48 տոկոսից շատ, իսկ Նիկոլ Փաշինյանի ստացած ձայների 70 տոկոսը կազմում է 885 հազար մարդ՝ ուղիղ երեք անգամ ավելի Երեւանի ընտրություններին ստացած ձայներից։ Այսինքն՝ երկրի մասշտաբով Նիկոլ Փաշինյանը հավաքեց ճիշտ այնքան ձայն, որքան մայրաքաղաքում։
Եվ դա՝ չնայած նրան, որ Երեւանի ավագանու ընտրություններից անցել է ավելի քան երկու ամիս, իսկ իշխանափոխությունից՝ 7 ամիս։ Այդ ընթացքում կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը համատարած ձախողումներ են ունեցել՝ տնտեսական կացության վատթարացում, բարձր գնաճ, արտաքին քաղաքական անհաջողություններ եւ երկրի անվտանգության համար առաջացրած նոր ռիսկեր։
Այս արդյունքները հուշում են, որ վեց-յոթ ամիս անց Նիկոլ Փաշինյանը գուցե կորցներ եւս 20-25 տոկոս, այդուհանդերձ էյֆորիայի շնորհիվ պահպաներ հարաբերական մեծամասնությունը:
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում