«Ես ձայն չեմ մուրացել: Մի մասին ես բացահայտ ասել եմ՝ ձեր ձայնն ինձ պետք չէ»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի քրիստոնյա-ժողովրդական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը։ Նա շնորհակալ է`եւ իրենց ձայն տվածներին, եւ չտվածներին: Կարծում է`«շատ արդյունավետ սերմ ունենք հասարակության մեջ ցանած»։ Իրենք կշարունակեն գործել որպես այլընտրանք, սակայն ի հեճուկս իրենց նախընտրական հավակնությունների, այժմ այլընտրանք կլինեն խորհրդարանից դուրս։ «Մենք արտախորհրդարանական ընդդիմություն լինելու միտք չունենք. կմատակարարենք տնտեսական հայեցակարգեր, քաղաքագիտական կոնցեպցիաներ, մշակութային բարձր թռիչք, դպրոցի վերակառուցում։ Մենք կշարունակենք մեր գործունեությունը, սակայն փողոցային ընդդիմություն չենք լինի»,- ասաց Լեւոն Շիրինյանը։
Ըստ բանախոսի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք այդպես էլ դասական խորհրդարան չունեցանք, այլ ունեցանք գերծանրաբեռնված Ազգային ժողով, որտեղ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մեծամասնություն ունի եւ գրեթե նույն արժեհամակարգին դավանող «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։ Իսկ խորհրդարանում, Լեւոն Շիրինյանը «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն չի տեսնում, քանի որ «Իմ քայլի» հետ նրանք երկուսն էլ ազատական ուժեր են, գրեթե նույն արժեքներն են դավանում։ Խորհրդարանական ընդդիմության տեղն իր կարծիքով, կարող է զբաղեցնել ԲՀԿ-ն։
Լեւոն Շիրինյանը հայտարարեց, որ ընտրությունների օրը, որոշ տեղամասերում, քվեաթերթիկների տրցակում բացակայել է թիվ 6` իրենց կուսակցության քվեաթերթիկը։ Բայց հաղթողների եւ ժողովրդի տրամադրությունը չփչացնելու համար իրենք բողոք չեն ներկայացրել՝ խնդիրները թողնելով ԿԸՀ-ի խղճին։ Լեւոն Շիրինյանը նաեւ հայտարարում է, որ երեք տեղամասերից իրենց տրված շուրջ 60 ձայն, մինչեւ ԿԸՀ հասնելը, կորել է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ