Մասնակցության նման ցածր տոկոսն իր մեջ ունի նաև մի շարք ոչ քաղաքական պատճառներ։
Դրանցից առաջինն ընտրողների այն գիտակցումն է, որ իրենց ձայնը վճռորոշ չէ։ Ընտրություններից առաջ ձևավորած այն սպասումը, որ գործող իշխանությունը հաղթելու է՝ արձանագրելով աննախադեպ բարձր արդյունքներ, ընտրողների մոտ նվազեցրել էր սեփական քվեի կարևորությունը։ Այդ կարևորությունը բարձր կլիներ, եթե քաղաքական ուժերի միջև պայքարը լիներ հավասար, և ընտրողը գիտակցեր, որ իր ձայնը կարող է լինել վճռորոշ։ Հակառակ դեպքում՝ ընտրողի ձայնը դառնում է 70 տոկոսի մեջ հերթականը, և կարևորության զգացումը նվազում է։
Հաջորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է ռեյտինգային ընտրակարգով։ Մասնավորապես, ընտրական ցուցակներում բացակայում էին էտալոնային թեկնածուները, հանուն որոնց՝ արժեր հասնել ընտրատարածք։ Դա սովորաբար լինում է առանձնակի սեր ու հարգանք վայելող թեկնածուների դեպքում, երբ ընտրողը գնում է ընտրության ոչ թե՝ զուտ քաղաքացիական պարտքի դրդումով, այլև իր շնորհակալական խոսքը քվեաթերթիկի միջոցով հայտնելու համար։
Ընտրությունների մասնակցության վրա բավականին մեծ ազդեցություն է ունեցել նաև այլընտրանքի շարունակական սևացման հանգամանքը։ Ողջ քարոզարշավի ընթացքում մեծամասնության հավակնող ուժի կողմից վարվել է «ոչ ոք, մեզնից բացի» քաղաքականություն՝ զուգորդված համապատասխան հռետորաբանությամբ, որտեղ առանցքային է եղել՝ ով չի ընտրում հեղափոխական իշխանությանը՝ սխալ է կամ ավելի վատը։ Սրա արդյունքում՝ այլ քաղաքական ուժերի սատարող քաղաքացիների մոտ առաջացել է ճնշվածության զգացում, որը հանգեցրել է այն որոշման, որ ավելի լավ է՝ չմասնակցել ընտրությանը, քան քվեարկելով այլ ուժի օգտին՝ հայտնվել քննադատությունների կենտրոնում։
Հայկ ԲԵՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում