Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Մարկոսյան. «Պատասխանը պարզ է. կա քիչ մարդ, ունենք ուռճացված ցուցակներ, ինչի արդյունքում այդպիսի թիվ է ստացվել». «Փաստ»

Դեկտեմբեր 11,2018 12:37

Ինչո՞ւ էր ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության տոկոսային ցուցանիշը ցածր: Սա շրջանառվող այն հարցերից մեկն է, որը տարբեր մեկնաբանություններ է ստանում: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի, կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թ. ընտրություններից շուրջ 314 000–ով պակաս է:

Ի վերջո, մասնակցությունն իսկապե՞ս քիչ է, թե՞ ցուցանիշն իր մեջ այլ բացատրություններ ունի: Հարցի շուրջ «Փաստը» զրուցեց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ, որը նախ ընդգծեց.

«Ընտրացուցակները կազմվում են ոչ թե ըստ մշտական բնակչության թվի, այլ հենց պետռեգիստրի տվյալներով: Այդ ռեգիստրում գրանցված է 3 միլիոն 340 հազար մարդ: Այդուհանդերձ, վերջին տվյալներով, մեր մշտական բնակչության թվաքանակն այս պահին 2 մլն 969 հազար է: Բայց ի՞նչն է խնդիրը. տեսեք՝ պետռեգիստրում գրանցված են նաև այն մարդիկ, որոնք թեպետ տարիներով այստեղ չեն բնակվում, բայց դուրս չեն եկել գրանցումից: Մեծ հաշվով՝ պետռեգիստրը մաքրելու խնդիր կա: Պետք է հասկանալ՝ ո՞վ է այստեղ, ո՞վ է արդեն երկար ժամանակ բացակայում, և ո՞վ է այլ երկրի քաղաքացիություն ստացել: Եթե այդ ցուցակները մաքրենք, ընտրացուցակների այդքան ուռճացված թվեր չենք ունենա: Եվ հենց այստեղից էլ ծագում է այն հարցը, թե ինչու էր մասնակցությունը 48,63 տոկոս»:

Նա ընդգծեց, որ տասը տարիների ընթացքում Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ են արտագաղթել. «2008–2017 թթ.՝ նույն ՀՀԿ–ի իշխանության տարիներին, մեծ արտագաղթ է եղել, և այդ տասը տարվա կտրվածքով միգրացիոն բացասական ցուցանիշը եղել է 372 հազար, որից մոտ 200 հազարը գտնվում է դրսում և դեռ չի վերադարձել: Չեմ կարող ասել, թե 2017թ. ընտրությունների ժամանակ ինչպես է ստացվել, որ շուրջ 1 միլիոն 500 հազար ընտրող է եղել, այդ մարդկանց տեղն են քվեարկե՞լ, թե՞ այլ միջոցներ են կիրառվել, բայց հաշվի առնելով ՀՀ–ում առկա բնակչության թվաքանակը, այս անգամ մասնակցության տեսանկյունից միանշանակ 60 տոկոսանոց քվեարկություն էր: Իսկ 60 տոկոս մասնակցությունը բոլոր երկրներում շատ նորմալ ցուցանիշ է: Պետք չէ պատասխաններ փնտրել այն հարցին, թե ինչու են քիչ թվով մարդիկ մասնակցել: Պատասխանը պարզ է. կա քիչ մարդ, ունենք ուռճացված ցուցակներ, ինչի արդյունքում այդպիսի թիվ է ստացվել»:

Թեև պետռեգիստրը մաքրելու գործընթացն, ըստ մասնագետի, բարդ գործընթաց է, բայց նաև անհրաժեշտ է ընդհանուր գործընթացների համար. «Ճիշտ է, երկար ժամանակ կտևի, բայց մենք, ի վերջո, կհասկանանք հիմնական գրանցվածների թիվը: Դա կօգնի նաև ճշտել մնացած բնակչության իրական թիվը: Եթե նման հարց ծագի, ապա գործընթացներին պետք է ներգրավվեն նաև ԱՎԾ–ն, սոցապ նախարարությունը: Բարդ գործընթաց է, բայց գոնե մեկ անգամ պետք է իրականացվի: 2 տարվա մեջ կարող են մաքրել, թեև գումարներ էլ պետք է հատկացնեն, բայց արդյունքը բոլորի համար լավ կլինի: Այլևս չենք ունենա ուռճացված թվեր, այլ կունենանք իրական պատկեր, ինչի արդյունքում էլ այս զանազան խոսակցությունները կվերանան»:

Արտակ Մարկոսյանը շեշտեց, որ մեծ հաշվով խոսքը մոտ 400–500 հազար մարդու մասին է. «Այսինքն՝ պետք է հասկանալ նաև՝ այդ մարդիկ փոխե՞լ են քաղաքացիությունը, թե՞ ոչ: Սա օգուտ կտա նաև հետագա քաղաքականության համար, հատկապես, երբ խոսում ենք հայրենադարձության մասին: Մեզ համար էլ հասկանալի կլինի, թե ովքե՞ր են դրսում, կգա՞ն, թե՞ ոչ: Մի խոսքով՝ երկկողմանի օգտակար կլինի. և՛ ցուցակները կմաքրվեն, և՛ կհասկանանք, թե ինչ պոտենցիալ ունենք դրսում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31