Թե՛ ՀՀԿ–ի, թե՛ ՀՅԴ–ի խորհրդարան չանցնելը ազդակ է, որ հին համակարգի այս երկու ուժերը չկարողացան նոր իրավիճակում ռեաբիլիտացվել ու մնալ քաղաքականության պաշտոնական հարթակներում: Մյուս կողմից էլ, սակայն, կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքական օրակարգը չի թելադրվում միայն խորհրդարանից: Խորհրդարանը մեծամասամբ գործադիրի նախաձեռնությունները դակողի և քաղաքական կյանքի հրապարակային տեսարանների ապահովման գործով է զբաղված: Ավելին՝ շատ հաճախ խորհրդարանում ներկայացված ուժերից դուրս կան քաղաքական այլ սուբյեկտներ ու դերակատարներ, որոնք, օրինակ, ավելի ազդու կերպով են ներգործում քաղաքական կյանքի վրա:
Ասել է թե, խորհրդարանով քաղաքական կյանքը ոչ ավարտվում, ոչ էլ սկսվում է: Հետևաբար, երբ խոսում ենք ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի և ի դեմս այս երկու ուժերի՝ հին համակարգի պարտության մասին, պետք է հաշվի առնենք, որ հին համակարգն իր սատելիտներով պարտվել է այս ընտրություններում: Բայց քաղաքական կյանքում նրանք շարունակում են գոյություն ունենալ: Նախ՝ որովհետև ունեն ֆինանսական և կազմակերպչական զգալի ռեսուրսներ: Երկրորդ՝ ներկա կարգավիճակով, երբ հայտնվել են քաղաքական լուսանցքում ու չունեն ինքնապաշտպան լեգալ, պաշտոնական գործիքներ, նրանց պայքարը քաղաքական գոյության համար մտնում է առավել դժվար փուլ:
Սա, իհարկե, չի նշանակում, թե չլինելով խորհրդարանում՝ այս ուժերը կարող են փոխել քաղաքական օրակարգը խորհրդարանից դուրս: Սա նշանակում է, որ այս ուժերի խորհրդարան չանցնելը մեկնաբանել որպես հին համակարգի վերջնական կապիտուլյացիա, սխալ է: Հակառակը՝ խորհրդարան չանցնելը նշանակում է, որ հին համակարգը այլևս չունենալով կորցնելու ոչինչ, պատրաստվելու է առավել պարտիզանական ու վերջնական մարտի, գուցեև կամիկաձեի տրամաբանությամբ:
Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում