Խաչքարերի գերեզմանոցի մուտքի մոտ, մի մեծ քարի վրա համաչափ շարված ասեղնագործ գլխարկների, գուլպաների ու մանկական «փափուչների» կողքին արևին թիկնած նստել է նորատուսցի 73-ամյա Սիրանուշը, որին գյուղում Սատանի Սիրան են անվանում: Պատմում է, որ պապերը 1828-ին Նորատուս են գաղթել Արևմտյան Հայաստանի Բայազետ գավառից, տուն ու տեղ են դրել ու ապրել գերդաստանով: Սակայն սակավախոս պապը, չցանկանալով շփվել համագյուղացիների հետ, հեռացել է սարերն ու ապրել այնտեղ: Համագյուղացիներն ասել են՝ հո սատանա չե՞ս, մեն-մենակ ապրում ես սարերում: Ու անունը կնքել են սատանա:
Տիկին Սիրանուշը նախքան ամուսնանալը շեն տան աղջիկ է եղել: «Ընտանիքս մեծ ա եղել, գնացել եմ պատերազմի հաշմանդամի ընտանիքում հարս, կիսուրի կիսուր եմ ունեցել, 11 ծոռ ունեմ, վայ թե մի 20 էլ թոռ, հիմա տղիս հետ եմ ապրում, հարսս մահացավ, թոռներիս ես եմ պահում, երկու տղա թոռներս էս պահին ծառայում են Արցախում: Ժամանակին լավ ենք ապրել, հիմա ենք վատ ապրում: Դե, մենք էլ գյուղի տատիներով նստել գուլպա-գլխարկ ենք գործում, որ ծախենք. տուրիստներ շատ են գալիս մեր գյուղը: Էս տեսակ գյուղ աշխարհում չես գտնի»:
Գյուղում 3000 տնտեսություն կա, սակայն բնակիչներից շատերն ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստան: «Գնում վարկ ենք վերցնում, բերում վարում-ցանում ենք, կարկուտը զանում տանում ա, բան չի թողում, ըսենց զուլում կլնի՞, որ մեր գլխին գալիս ա: Ցորեն, գարի, կարտոֆիլ ենք ցանում: Գյուղի կողքերը չիչխանի թփեր ինչքան ուզես կա, բայց ո՞վ կեթա հավաքի, էդ փշերը հոգեհան են անում, ամեն մարդու բան չի, գնա հավաքի: Բայց գնացողներ կան, բերում քամում, մշակում ու շուկայում ծախում են: Առավոտից իրիկուն նստած ենք էստեղ, բալքի տուրիստները մի բան առնեն: Կյանքը քաղցր բան ա, ամա տառապանքով լի, բայց դե բողոքելով, տրտնջալով ապրում ենք, չենք ուզում հեռանալ մեր հող ու ջրից»:
Սևանա լճի ափին գտնվող Նորատուս համայնքն ունի սեփական անտառային տարածք, պատմամշակութային հարուստ ժառանգություն: Այս ամենը հնարավորություն է տալիս համայնքում կազմակերպելու պատմամշակութային, գիտական, հանգստի և արկածային տուրեր՝ միաժամանակ հնարավորություն տալով զարգացնելու տնտեսությունը, ստեղծելու հանգստավայրեր: Փոքր ներդրումներ կատարելով հնարավոր է ապահովել մեծ եկամուտ, ստեղծել նոր աշխատատեղեր, բարձրացնել համայնքի բնակիչների կենսամակարդակը: Այս և նման հարցերի շուրջ զրուցում էի խաչքարերի գերեզմանատան դիմաց գործող փոքր շուկայում զանազան իրեր վաճառող կանանց հետ, որոնք համոզված են, որ կգա այն օրը, երբ շենացող Նորատուսում փակ դռներ այլևս չեն լինի: «Գյուղն իր բնակչով է հարուստ, էս հարստությունը թողել գնացել են մի կտոր հացի հետևից, տուրիստները զարմանում են, երբ իմանում են, որ էս չքնաղ տեղից հեռացող էլ կա»,- հրաժեշտից առաջ ասաց տիկին Սիրանուշը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում