Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը»

Դեկտեմբեր 11,2018 14:30

Արա Խաչադուրյանը՝ իր գործունեության ու ճանապարհորդությունների մասին

«Լիբանանում ծնվել եմ, Ֆրանսիայում ապրում եմ, բայց ես հայ եմ»,-Երեւանի համար 87 միջնակարգ դպրոցում աշակերտների հետ հանդիպմանն այսպես ներկայացավ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը: Վերջինիս դիմավորեցին աղուհացով եւ ժողովրդական պարային ելույթով։ Հանդիպումն իրականացրել էր Develop Armenia հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով նպաստել աշակերտների ճանաչողությանն ու հայրենասիրությանը։ Մասնագիտությամբ ոսկերիչ Արա Խաչադուրյանը պատմեց իր ճանապարհորդությունների, գործունեության եւ կյանքի հետ կապված հետաքրքիր մանրամասների մասին։

Ինչպես հայտնի է, Արա Խաչադուրյանը նվաճել է Մոմբլանի, Կիլիմանջարոյի եւ Արարատի գագաթները։ Նրա գործունեության մեջ ամենահռչակավորը, թերեւս, 2016 թվականի մայիսին աշխարհի ամենաբարձր՝ 8848 մ բարձրությամբ Էվերեստի գագաթը նվաճելն էր. «Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ վերջապես հասա բարձունքին եւ գագաթը նվաճելուն պես հպարտությամբ ծածանեցի Հայոց եռագույնը»։

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր «Խաղաղության վազք» («Run for peace») նախաձեռնության իրականացմանը, որի շրջանակներում, ինչպես պատմում էր հայազգի լեռնագնացը, 2018 թվականին Մարսելից վազելով հասավ Երեւան: Արայի խոսքով՝ դրա նպատակը աշխարհին խաղաղության կոչ անելն էր։ Նա պատմեց նաեւ այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին. «Արեւմտյան Հայաստանով անցնելիս ցանկացա նախագահ Էրդողանին հանդիպել եւ փոխանցել նամակս, որով խնդրում էի ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց Թուրքիայում իրականացվող ընտրությունները խոչընդոտեցին, եւ նամակս չկարողացա փոխանցել հասցեատիրոջը»։

Հանդիպման նպատակը, ըստ ֆրանսահայ լեռնագնացի, երիտասարդ սերնդի գիտակցությունն իր օրինակով արթնացնելն է՝ կյանքում աշխատասիրությամբ որեւէ բարձունքի հասնելու ձգտմամբ։
Աշակերտներից մեկի հարցին՝ ի՞նչ պլաններ ունի լեռնագնացը ապագայում, նա պատասխանեց. «Երեք բան՝ հեծանիվով անցնել ամբողջ Հայաստանի տարածքով, լողալով անցնել Սեւանա լճի ամբողջ երկայնքով եւ թիավարելով՝ Ֆրանսիայից մինչեւ Միջերկրական ծով»։

Հանդիպման վերջում անվանի լեռնագնաց եւ վազորդ Արա Խաչադուրյանը ներկա աշակերտներին հավաստիացրեց, որ իրենց նպատակներին հասնելու համար պետք է գործադրեն բոլոր ջանքերը. «Միայն ջանասիրաբար աշխատելով կարող եք հասնել ձեր նպատակներին եւ վստահ եմ, որ խելացի եք ու կարող եք»։

Հանդիպումը եզրափակեց դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանը՝ շնորհակալություն հայտնելով հյուրին իր փորձառությունը եւ հայրենասիրությունը աշակերտներին փոխանցելու եւ իր գործունեությամբ հայի անունը բարձր պահելու համար. «Սա կրթության ու դաստիարակության ինքնատիպ մոտեցում է Ձեր կողմից։ Իրոք, ցանկացած բնագավառում կան բարձունքներ, որոնք կարելի է նվաճել միայն նպատակը ճիշտ ընտրելու եւ անկոտրում կամք դրսեւորելու դեպքում»։

ԱՆՈՒՇԻԿ ՅՈԼՉԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31