Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ԸՄԴԱ), որի կազմում են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի դիտորները՝ երեկ հրապարակեց իր հայտարարությունը նախնական արդյունքների եւ եզրակացությունների վերաբերյալ. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել են լայն հանրային վստահություն, որը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով»:
Միջազգային դիտորդական առաքելությունը նաեւ հրապարակել է իր նախնական եզրակացությունը անցկացված ընտրական գործընթացի վերաբերյալ: Այն, ինչպես արդեն նշել ենք՝ շատ դրական է: Սակայն կան նաեւ քննադատական դիտողություններ, որոնք առանձնացրել ենք:
Այսպես՝ զեկույցում մասնավորապես նշված է. «ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին մի քանի հանձնարարականներ մնացել են անտեսված, այդ թվում՝ նրանք, որ առնչվում են քարոզարշավի ֆինանսական հաշվետվություններից կազմակերպչական ծախսերի բացառմանը, ընտրական հարցերով բողոք բերելու իրավունքի նեղ սահմանմանը, թեկնածուների համար քաղաքացիության և բնակության վայրի Սահմանադրությամբ սահմանված պահանջներին խորհրդարան անցնելու համար դաշինքների համար սահմանված նվազագույն շեմերին և ընտրությունների առաջին փուլից հետո ձևավորվող կոալիցիաների մասնակիցների թվի սահմանափակումներին»:
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը քննադատել է ընտրացուցակների հրապարակումը. «Ըստ օրենքի պահանջի և նպատակ ունենալով կանխել այլ անձի փոխարեն քվեարկելու միջոցով կատարվող ընտրակեղծիքները՝ ԿԸՀ-ն մտադրվում է սքանավորել բոլոր ԸԸՀ-ից ստացված ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք իր կայքէջում դեկտեմբերի 10-ին: ԸՄԴԱ շահառուների մեծ մասն, ընդհանուր առմամբ, վստահություն է հայտնել ընտրացուցակների ճշգրտության նկատմամբ՝ չնայած քաղաքացիների տվյալների գաղտնիության վերաբերյալ որոշ մտահոգությունների: Ընտրողների անձնական տվյալների պարբերական հանրայնացումը հակասում է միջազգային լավ պրակտիկային»:
Եվրոպական դիտորդների նախնական եզրակացությունների մեջ տեղ է գտել նաեւ հետեւյալ փաստը. «Ազգային փոքրամասնությունների թեկնածուներ գրանցված են միայն Լուսավոր Հայաստան, Իմ քայլը դաշինքի, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր կուսակցությունների ցուցակում»:
Նախնական զեկույցում քննադատության է արժանացել հետեւյալ իրողությունը. «Կուսակցությունները հազվադեպ են ներառել կին թեկնածուների իրենց քարոզարշավներում. կին թեկնածուները հազվադեպ են ինքնուրույն անցկացրել քարոզարշավներ և հանդես եկել ելույթներով դիտարկված քարոզարշավային հանրահավաքներում: Դիտարկված հանրահավաքների ունկնդիրների գերակշռող մասը արական սեռի ներկայացուցիչներ էին: Մարզերում տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցում էին միայն 15 տոկոս կանայք, իսկ Երևան քաղաքում՝ մոտ 30 տոկոս: Որոշ կին թեկնածուներ դարձել են նսեմացնող հռետորաբանության թիրախ իրենց սեռային պատկանելության պատճառով»:
ԺՀՄԻԳ-ի ընտրական դիտորդական առաքելությունը նոյեմբերի 19-ից է սկսել լրատվամիջոցների իր մշտադիտարկումը քանակական և որակական վերլուծությամբ, եւ արձանագրել է մասնավորապես հետեւյալը. «Առկա էին քաղաքական զարգացումների լուսաբանման նկատելի տարբերություններ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ և հետո, այդ թվում՝ մշտադիտարկված բոլոր հեռարձակողները զգալիորեն նվազեցրել էին ներկա կառավարության և գործող վարչապետի լուսաբանումը: Օրինակ՝ Հ1 հեռուստաընկերությամբ կառավարությանը նվիրված լուսաբանման տոկոսը 79-ից իջել է 17-ի՝ պահպանելով բացառապես դրական կամ չեզոք տոնայնություն»:
Հայտարարությունում նաև նշվում է, որ «բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվելու արգելքը հակասում է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին»:
Պատրաստեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Ընտրական նոր օրենսգիրքով, որի ընդունումը տապալեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, վերը նշված հարցերի մեծ մասը լուցված կլիներ: Քննադատակ խոսքերի վրա կենտրոնանալու հետ մեկ տեղ, որը նորմալ է , կարծում եմ արդարացի կլիներ նշեիք նաև այդ անգամանքը:
Հարգելի Դանիել: Եթե նկատել եք՝ ոչ մի մեկնաբանություն արված չէ: Ուղղակի մեջբերումներ են արված զեկույցից: Իսկ իհարկե, ճիշտ եք՝ եթե ընդունվեր «Ընտրական օրենսգիրքը», նշված հարցերից շատերը կլուծվեին: