Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ԶԼՄ-ներում 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվություն

Դեկտեմբեր 11,2018 23:52

Այս զեկույցը պատրաստել է Երևանի մամուլի ակումբը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ: Զեկույցի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ 2018Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(2018թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26 – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7)

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՆ ընդգրկել է նախընտրական քարոզչության բոլոր տասներկու օրերը: Տվյալ փուլում հետազոտության առարկա են դարձել համազգային վեց վերգետնյա հեռուստաալիքների՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք (Հ1), «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական Երկրորդ հեռուստաալիք (Հ2) և «Շանթ», լրատվական և քաղաքական ուղղվածության հիմնական հաղորդումները, ինչպես նաև պարբերաբար ռեյտինգային բարձր տեղեր զբաղեցնող երկու առցանց լրատվամիջոց՝ 1in.am և News.am: Ընդ որում, հետազոտվել են News.am-ի բոլոր նյութերը, իսկ 1in.am-ի՝ պրայմ-թայմի բանավիճային քաղաքական տեսահաղորդումները (մշտադիտարկման մեթոդաբանությունը տես ներքևում):

Մշտադիտարկման այս փուլը նվիրված է եղել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ ԶԼՄ-ների ուշադրության և վերաբերմունքի վերհանմանը: Ընդ որում, հեռուստաընկերությունների դեպքում արձանագրվել են ինչպես հաղորդումներում վերջիններիս նկատմամբ անդրադարձների հաճախությունը, այնպես էլ՝ նրանց հատկացված եթերաժամանակի ծավալը (այստեղ և այսուհետև՝ մշտադիտարկման քանակական արդյունքները տես ներքևի աղյուսակներում):

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅԻՆ ԱՌԱՎԵԼ ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ, ինչպես և նախորդ փուլերում (2018թ. 16 հոկտեմբերի – 1 նոյեմբերի և 2018թ. նոյեմբերի 9-25), հետազոտված հեռարձակողներից անդրադարձել է Հ1-ը: Այս փաստն ուշադրություն է գրավում հատկապես այն պատճառով, որ նախորդ համապետական քարոզարշավների ժամանակ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը մի շարք մասնավոր հեռարձակողների էականորեն զիջել է ընտրական գործընթացների լուսաբանման ակտիվությամբ:

Մշտադիտարկման թեմատիկային անդրադարձների ամենացածր ինտենսիվությունը գրանցվել է «Արմենիայի» եթերում, որը մնացած բոլոր հետազոտված հեռուստաալիքներից էականորեն հետ է մնացել: Մասնավոր հեռարձակողներից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել է «Կենտրոնը»: Հետազոտված երկու առցանց լրատվամիջոցներից մշտադիտարկման թեմատիկայի լուսաբանման ինտենսիվության առավել բարձր ցուցանիշը՝ News.am-ի և համեմատաբար ցածր ցուցանիշը՝ 1in.am-ի պարագաներում պայմանավորված է եղել ոչ թե ընտրությունների թեմայի նկատմամբ հետաքրքրության տարբերությամբ, այլ հետազոտված լուսաբանման առանձնահատկություններով՝ առաջինում՝ բացառապես լրատվական ձևաչափը և երկրորդում՝ բանավիճային ձևաչափը:

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ մրցակցող քաղաքական ուժերից արժանացել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, որն առաջատարն էր և՛ անդրադարձների հաճախությամբ, և՛ իրեն հատկացված եթերաժամանակի ծավալով: Փաստորեն «Իմ քայլը» առաջ է անցել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ), որը մշտադիտարկման նախորդ՝ երկրորդ փուլում (2018թ. նոյեմբերի 9-25) առաջինն էր քաղաքական ուժերի մեջ: Սա տեղի է ունեցել հիմնականում այն պատճառով, որ «Իմ քայլի» քարոզարշավին անմիջականորեն ներգրավվել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ նախորդ փուլում Փաշինյանի՝ որպես կառավարության ղեկավարի լուսաբանումը մշտադիտարկման խմբի կողմից չի հաշվարկվել նրա գլխավորած նախընտրական դաշինքի օգտին: «Իմ քայլը» առաջին տեղում է հայտնվել հետազոտված բոլոր ութ ԶԼՄ-ներում, այդ թվում «Կենտրոնի» և «Երկիր Մեդիայի» եթերում, որտեղ նախորդ՝ երկրորդ փուլում առավել ինտենսիվ լուսաբանվել են, համապատասխանաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ):

ՀՀԿ-ն հետազոտված ԶԼՄ-ների մեծ մասում երկրորդն է եղել և՛ անդրադարձների հաճախությամբ, և՛ հատկացված եթերաժամանակի ծավալով: Անսպասելի բացառություն է դարձել Հ2-ը, որտեղ ՀՀԿ-ն՝ իրեն հատկացված եթերաժամանակով զիջել է իր բոլոր տասը մրցակիցներին:

Ընդհանուր առմամբ հեռուստաալիքներում 11 կուսակցությունների/դաշինքների լուսաբանումը կարելի է բնութագրել որպես հավասարակշռված, և անդրադարձների հաճախության և լուսաբանման ծավալի տարբերությունները պայմանավորված են եղել  գլխավորապես քաղաքական ուժերի՝ ակտիվ ընտրարշավ վարելու հնարավորություններով և ձգտումով: Ի տարբերություն մշտադիտարկման նախորդ՝ երկրորդ  փուլի, ընտրարշավի մասնակիցներին լուսաբանման ինտենսիվությամբ հնարավոր չէ բաժանել պայմանական խմբերի: Ընդ որում, առավել հավասարակշռված է եղել Հ1-ի լուսաբանումը, մասնավորապես, քաղաքական ուժերին բանավեճերին  և «հյուր տաղավարում» ձևաչափի հաղորդումներին մասնակցելու համար հավասար հնարավորություններ տրամադրելու հաշվին: Հետազոտված մասնավոր հեռուստաալիքներից ամենամեծ հավասարակշռությունը ապահովել է Հ2-ը: Իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրության ամենամեծ տարբերությունը արձանագրվել է «Երկիր Մեդիա» և «Արմենիա» հեռուստաալիքներում:

ՀՀ օրենսդրությունը  առցանց ԶԼՄ-ների համար չի ենթադրում ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին  հավասար պայմաններ տրամադրելու պարտավորություն, այդ պատճառով էլ տվյալ մշտադիտարկման շրջանակներում հետազոտված News.am-ի և 1in.am-ի առջև դրված չի եղել հավասարակշռված լուսաբանման խնդիր, և նրանք կենտրոնացած են եղել «Իմ քայլի» և ՀՀԿ-ի դիմակայության վրա: Ընդ որում, 1in.am-ը նշանակալի ուշադրություն է հատկացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որը ոչ միայն երրորդն է եղել անդրադարձների քանակով, այլ նաև, ի դեմս իր ներկայացուցիչների, ակտիվ ներկա է եղել  բանավիճային ձևաչափերում: Համապատասխան հաղորդումների 80 հյուրերից 18-ը հենց այս կուսակցության ներկայացուցիչներն են եղել (ավելի շատ եղել են միայն «Իմ քայլից»՝ 29):

Անդրադարձների հաճախության հանրագումարով, հեռարձակողների ամենաքիչ լուսաբանմանն արժանացել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այն նաև հետազոտված վեց հեռուստաալիքներից 4-ում իրեն հատկացված եթերաժամանակով վերջինն է եղել և անդրադարձների հաճախությամբ News.am-ում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության հետ կիսել է վերջին տեղը: 1in.am-ի բանավիճային հաղորդումներում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ոչ մի անգամ նույնիսկ չի հիշատակվել:

ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐԻ ՆՇԱՆԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԹԻՎԸ, ինչպես մշտադիտարկման նախորդ՝ երկրորդ փուլում, ունեցել են «Իմ քայլը» և ՀՀԿ-ն: Ընդ որում, ՀՀԿ-ի դեպքում դրանք կազմել են հետազոտված վեց հեռուստաալիքներում անդրադարձների ընդհանուր քանակի 38.9%-ը (միայն մեկ դրական և 81 բացասական), 58.1%՝ 1in.am-ում և 29.3%՝ News.am-ում:

Հետազոտված հեռուստաալիքներում «նշանային բնութագրիչների գործակիցը» հանրագումարով կազմել է 12.7%: Սա էականորեն գերազանցում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում նույն ցուցանիշը՝ 6.8%, ինչը վկայում է «թեժ» ընտրական քարոզարշավի մասին: Տվյալ հանգամանքն ընդգծվում է դրական անդրադարձների նկատմամբ բացասականների գրեթե 7 անգամ գերազանցությամբ: Առցանց ԶԼՄ-ներում «նշանային բնութագրիչների գործակիցն» ավելի բարձր է եղել. 24.4%՝ 1in.am-ում և 16.8%՝ News.am-ում: News.am-ի դեպքում արձանագրվել է քաղաքական ուժերից մեկին՝«Իմ քայլին» նշանային բնութագրիչներով անդրադարձների ամենաանբարենպաստ հաշվեկշիռը՝ 2 դրական և 118 բացասական:

Իշխող քաղաքական ուժի ընդգծված բացասական լուսաբանումն այս ընտրական քարոզարշավի առանձնահատկություններից մեկն է եղել: Հետազոտված ութ ԶԼՄ-ներից յոթում (ՀՀԿ-ի դեպքում՝ բոլոր ութում) «Իմ քայլն» ունի նշանային բնութագրիչներով անդրադարձների բացասական հաշվեկշիռ, բացառությամբ՝ 1in.am-ում (4 դրական և 3 բացասական):

Հետազոտված բոլոր հեռարձակողների մոտ ԲՀԿ-ի նշանային բնութագրիչներով անդրադարձների դրական հաշվեկշիռը պայմանավորված է եղել «Կենտրոնում» այս կուսակցության բացառապես դրական լուսաբանմամբ:  ԲՀԿ-ին դրական բոլոր 8 անդրադարձները հենց այս հեռուստաալիքի եթերում են եղել, իսկ բոլոր 7 բացասականները՝ մյուս հեռուստաալիքների: Նմանատիպ պատկեր է արձանագրվել ՀՅԴ-ի պարագայում, որը բոլոր 5 դրական անդրադարձները ստացել է «Երկիր Մեդիայում», իսկ բոլոր 6 բացասական անդրադարձները արձանագրվել են մյուս հեռուստաալիքներում: Այս կուսակցություններին անդրադարձների բացասական հաշվեկշիռ է արձանագրվել նաև հետազոտված առցանց ԶԼՄ-ներում:

«Իմ քայլը» դաշինքի նկատմամբ բացասական վերաբերմունքը պաշտոնական նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ձևավորվել է ընդդիմախոսների, ճնշող մեծամասնությամբ՝ ՀՀԿ-ի կողմից բարձրաձայնվող հաճախ կրկնվող թեմաների որոշակի շրջանակի հաշվին: Ինչպես, օրինակ, վարչական ռեսուրսի օգտագործումը «Իմ քայլի» օգտին, տնտեսության ոլորտում նոր իշխանության քաղաքականությունը, որը հանգեցրել է մի շարք ցուցանիշների վատթարացմանը, այդ թվում ՝ նաև ներդրումների ծավալների անկմանը, ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները, Արցախի հարցում փոխզիջումների գնալու՝ նոր իշխանությունների ենթադրյալ պատրաստակամությունը: Ինչպես «Իմ քայլի», այնպես էլ այլ քաղաքական ուժերի դեպքում, իրենց հասցեին կտրուկ քննադատության նշանակալի բաժինը նրանք ստացել են սոցիալական ցանցերում և հեռուստատեսությունում զանազան կարգի բանավեճերի ընթացքում: Այնուհետև սոցցանցերի այդ գրառումների և հեռուստաբանավեճերի բովանդակությունը տարածվում էր ինչպես տեսանյութով, այնպես էլ՝ տեքստային տարբերակով: Մասնավորապես, News.am-ը ոչ միայն տեսատարբերակով վերահեռարձակել է միմյանց նկատմամբ բանավեճերի մասնակիցների բացասական վերաբերմունքը, այլ նաև դրանց բովանդակությունը բաժանել է բազմաթիվ փոքր նյութերի, հաճախ դրանց ավելացնելով նշանային բնութագրիչներով վերնագրեր՝ այդ կերպ մեծացնելով համապատասխան անդրադարձների քանակը: Բացի դրանից, նախընտրական քարոզչության վերջին օրը այս առցանց ռեսուրսը ցուցադրել է 2008թ. մարտի 1-ի հետաքննության մասին վավերագրական ֆիլմ, որում, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ի ցույց է դրվում ծայրահեղ բացասական լույսի ներքո:

Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ՀՀԿ-ի լուսաբանումը բացասական համատեքստում կենտրոնացել էր այն ժամանակների վրա, երբ այդ կուսակցությունը իշխանություն ուներ, իսկ ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր արտահայտվում էին 2008թ. մարտի 1-ից հետո կոալիցիա կազմած բոլոր կուսակցություններին քաղաքական գործընթացներից, այդ թվում՝ ընտրությունները, դուրս թողնելու օգտին: ՀՀԿ-ի հասցեին քննադատություն հնչում էր բազմաթիվ աղբյուրներից՝ ներառյալ մյուս բոլոր քաղաքական ուժերի և հանրության լայն շրջանակների ներկայացուցիչները (նախորդ իշխանությունների օրոք երկիրը թալանելու, 2008թ. մարտի 1-ի ողբերգության, ռևանշիզմի և այլն):

Ի տարբերություն «Իմ քայլի» (ինչպես նաև՝ ՀՀԿ-ի), 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ՀՀ ԱԺ անցած մյուս երկու կուսակցությունները (ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան») ավելի հազվադեպ են դարձել նպատակաուղղված քննադատության առարկա: Առանձին բացասական անդրադարձներն այդ կուսակցություններին սիստեմատիկ բնույթ չեն ունեցել: Իսկ ԲՀԿ-ի դեպքում դրականը ձևավորվել է «Կենտրոնի» եթերում նախընտրական միջացոռումներից նրան գովաբանող ռեպորտաժների հաշվին: Մինչդեռ «Լուսավոր Հայաստանի» լուսաբանումն իրականացվել է գլխավորապես չեզոք տոնով:

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
2018թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26 – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7

  1. Հետազոտության հիմնական միավորը հեռուստա– և առցանց նյութն էր:

Հեռուստանյութ ասելով հասկանում ենք.

Եթերի՝ թեմատիկորեն, կառուցվածքով և ձևավորմամբ առանձնացված միավորը, այսինքն՝

  • լրատվական ծրագրի առանձին սյուժեն,
  • հաղորդավարական տեքստով ընթերցվող առանձին տեղեկատվությունը,
  • հաղորդման՝ թեմատիկորեն, կառուցվածքով և ձևավորմամբ (միջարկում, բլյում և այլն) առանձնացված մասը (բաժինը, սյուժեն), որն անդրադառնում է տարբեր թեմաների/խնդիրների,
  • սյուժեների ներծրագրային ծանուցումները (անոնսները) դիտարկվել են իբրև այն նյութի մաս, որին վերաբերում են,
  • հեռուստասյուժեին (ռեպորտաժին և այլն) նախորդող հաղորդավարական տեքստը դիտարկվել է իբրև այդ սյուժեի (ռեպորտաժի և այլն) մաս:

Ընդսմին.

Լրատվական/լրատվական-վերլուծական ծրագրերը բաժանվել են սյուժեների, որոնցից յուրաքանչյուրը դիտարկվել է որպես առանձին ինքնուրույն նյութ,

Հասարակականքաղաքական/բանավիճային հաղորդումները դիտարկվել են հետևյալ կերպ.

  1. եթե հաղորդումը նվիրված էր առանձին թեմայի, ապա այն դիտարկվել է որպես մեկ ինքնուրույն նյութ,
  2. եթե հաղորդումը կառուցված էր խճանկարային սկզբունքով, այն է՝ բաժանված էր ինքնուրույն թեմատիկ բաժինների, ապա այդ բաժիններից յուրաքանչյուրը դիտարկվել է որպես առանձին ինքնուրույն նյութ:

 

  1. Մշտադիտարկողներն օրական արձանագրում էին հետազոտվող եթերի տևողությունը՝ 18.00-00.00-ին հեռարձակվող լրատվական ծրագրի հիմնական թողարկումը, լրատվական-վերլուծական հաղորդումները և հասարակական-քաղաքական/բանավիճային հաղորդումները: Այն հաղորդումները, որոնք սկսվում էին, սակայն չէին ավարտվում ժամը 18.00-ին, չեն դիտարկվել, մշտադիտարկումն սկսվել է տվյալ հաղորդման ավարտից հետո: Այն հաղորդումները, որոնք սկսվում էին, սակայն չէին ավարտվում ժամը 00.00-ին, դիտակվել են ամբողջությամբ, մինչև դրանց ավարտը:

Մշտադիտարկման չեն ենթարկվել.

– նախընտրական քարոզչության բլոկները,

– առևտրային/սոցիալական գովազդը/հայտարարությունները,

– վազող տողը:

Առցանց նյութ ասելով հասկանում ենք.

Տեքստի՝ թեմատիկորեն, կառուցվածքով և ձևավորմամբ առանձնացված միավորը, այսինքն՝

  • առանձին հոդվածը, ակնարկը, հարցազրույցը և այլն,
  • հրապարակումների ծանուցումները (անոնսները) դիտարկվել են իբրև այն նյութի մաս, որին վերաբերում են,
  • վերնագիրը/ենթավերնագիրը, լիդը (այսինքն վերնագրից/ենթավերնագրից հետո եղած տեքստը, որը նախորդում է հրապարակմանը և որում բերվում է հոդվածի հիմնական միտքը) դիտարկվել են իբրև այն նյութի մաս, որին վերաբերում են,
  • այս կամ այն հրապարակման վերաբերյալ խմբագրական մեկնաբանությունը, որն առանձնացված էր «խմբագրության կողմից», «խմբագրության մեկնաբանություն» և այլ արտահայտություններով, դիտարկվել են իբրև այն նյութի մաս, որին վերաբերում են,
  • լուսանկարը (նկարները, ծաղրանկարները, շարժերը, կոլաժները, նկարազարդումները, գրաֆիկան և այլն), որը հրապարակման մաս չի կազմել, սակայն միևնույն ժամանակ վերնագիր կամ տեքստ է պարունակել, կամ իմաստային ծանրաբեռնվածություն ուներ, դիտարկվել է իբրև առանձին նյութ: Եթե լուսանկարը կից է եղել հրապարակմանը, ապա այն դիտարկվել է իբրև այն նյութի մաս, որին վերաբերում է,
  • եթե տեքստային նյութին կից է եղել տեսա- կամ ձայնագրություն, ապա այն դիտարկվել է իբրև մեկ միասնական մուլտիմեդիոն հրապարակում,
  • եթե տեսա- կամ ձայնագրությունը հրապարակման մաս չի կազմել, այլ եղել է ինքնուրույն նյութ (վերնագրով, տեքստով և այլն), ապա նմանատիպ նյութը դիտարկվել է իբրև առանձին մուլտիմեդիոն հրապարակում:

III. Մշտադիտարկման ընթացքում պարզվել և արձանագրվել են.

  1. Մշտադիտարկման թեմային անդրադարձներ պարունակող հետազոտված նյութերի ընդհանուր քանակը

Պարզվել և արձանագրվել է այն նյութերի քանակը, որոնք պարունակել են անդրադարձներ 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին համապետական ընտրական ցուցակներով մասնակցող կուսակցություններին/դաշինքներին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին:

  1. Կուսակցություններին/դաշինքներին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին անդրադարձների քանակը և ձևը նյութերում

Պարզվել և արձանագրվել է այն նյութերի քանակը և ձևը, որոնք պարունակել են անդրադարձներ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին:

Ընդ որում, կուսակցության/դաշինքի ղեկավարներ ասելիս հասկանում ենք.

  • համապետական ընտրական ցուցակներում առաջին երեք տեղերն զբաղեցրած անձանց:

Կուսակցություններին/դաշինքներին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին անդրադարձների ձևը տարբերակվել է հետևյալ կերպ.

Ա. կուսակցություններին/դաշինքներին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին ամբողջությամբ նվիրված նյութ.

Նյութը համարվում էր Х կուսակցությանը/դաշինքին ամբողջությամբ նվիրված, եթե անգամ նրանում կար անդրադարձ մեկ այլ՝ Y կուսակցությանը/դաշինքին, կամ էլ դիտարկման առարկա չհանդիսացող մեկ այլ թեմայի (թեմաների), բայց այդ անդրադարձը ածանցյալ բնույթ ուներ: Ընդ որում, եթե նման նյութում կար անդրադարձ (ածանցյալ բնույթի) մեկ այլ՝ Y կամ Z կուսակցության/դաշինքի, ապա տվյալ կուսակցությունը/դաշինքը նույնպես նշվում էր համապատասխան սյունակում՝ կախված նրան անդրադարձի ձևից (մասնակի կամ հիշատակում):

Բ. կուսակցությանը/դաշինքին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին մասնակի նվիրված նյութ.

Նյութը համարվում էր Х կուսակցությանը/դաշինքին մասնակի նվիրված, եթե նրանում հավասարապես կար անդրադարձ մեկ այլ՝ Y կուսակցության/դաշինքի կամ դիտարկման առարկա չհանդիսացող մեկ այլ թեմայի/թեմաների: Ընդսմին, եթե նման նյութում հավասարապես առկա էին անդրադարձներ երկու և ավելի կուսակցությունների/դաշինքների, ապա այդ կուսակցություններից/դաշինքներից յուրաքանչյուրը նշվում էր «մասնակի» սյունակում:

Գ. նյութ, որում հիշատակվում էին կուսակցությունները/դաշինքները/նրանց ղեկավարները.

Հիշատակում էին համարվում այն դեպքերը, երբ նյութում կուսակցությունը /դաշինքը/նրա ղեկավարները պարզապես անվանվում էին, բայց նրանց մասին լրացուցիչ տեղեկություն, բնութագրություն չէր տրվում:

Որպես հիշատակում են արձանագրվել նաև կուսակցության/դաշինքի/նրա ղեկավարների (համապետական ընտրական ցուցակի առաջին երեք դեմքերը) երևալը հեռուստատեսային, տեսա-կամ ֆոտո կադրում: Եթե կադրում երևալը այն նյութի մաս էր կազմում, որն արդեն իսկ պարունակում էր ամբողջությամբ կամ մասնակի անդրադարձ տվյալ կուսակցությանը/դաշինքին/նրա ղեկավարներին, ապա որպես լրացուցիչ հիշատակում այն չի արձանագրվել: Եթե կուսակցությունների/դաշինքների/նրանց ղեկավարների՝ կադրում երևալը տեղի է ունեցել այնպիսի նյութում, որում նրանց անդրադարձ չի եղել, ապա այն դիտարկվել է որպես առանձին հիշատակում:

Որպես հիշատակում են արձանագրվել նաև այն նյութերը, որոնցում արծարծվել է արտասահմանյան այն կուսակցության գործունեությունը, որն ընդհանուր ծագում և պատմություն ունի դիտարկման առարկա հանդիսացած համանուն կուսակցության հետ, բայց միևնույն ժամանակ ոչինչ չի ասվել հայաստանյան համանուն կուսակցության հետ արտասահմանյան այդ կուսակցության կապի մասին:

Կուսակցության/դաշինքի ղեկավարների (ընտրական ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնող) ցանկացած երևալը նյութում դիտարկվել է որպես անդրադարձ այդ կուսակցությանը/դաշինքին`անկախ նրանից, թե ինչ դերում են այդ անձինք հանդես եկել (նույնիսկ եթե նրանք նյութում ներկայացվել են որպես իրենց ոչ կուսակցական պաշտոնական կամ մասնագիտական պարտականությունները կատարող): Հետևաբար, նման անդրադարձը հետազոտվել է վերոթվարկյալ և ներքոթվարկյալ բոլոր կատեգորիաներով (անդրադարձի ձևն ու բնույթը, հեռուստանյութերի դեպքում՝ նաև եթերաժամանակը):

Կուսակցության/դաշինքի այլ ներկայացուցիչների դեպքում անդրադարձը (դրա ձևը, բնույթը և եթերաժամանակը) արձանագրվում էր միայն այն դեպքում, երբ նրանց՝ կուսակցությանը/դաշինքին պատկանելությունը նյութում որևէ կերպ ընդգծվում էր:

Յուրաքանչյուր նյութում արձանագրվում էր կուսակցության/դաշինքի/նրա ղեկավարների/ներկայացուցիչների միայն մեկ անդրադարձ և դրա միայն մեկ ձև:

 

3. Կուսակցություններին/դաշինքներին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին անդրադարձների բնույթը նյութերում

 

Պարզվել և համապատասխան սյունակում արձանագրվել են նյութում կուսակցության/դաշինքի/նրա ղեկավարների/ներկայացուցիչների անդրադարձների բնույթը՝ դրական (+), բացասական (-)  կամ չեզոք (0):

Նշանային (դրական, բացասական) անդրադարձներ ասելով հասկացվում էին նյութերում առկա այն անդրադարձները, որոնք լսարանի մոտ կուսակցության/դաշինքի կամ նրա ղեկավարների/ներկայացուցիչների մասին միանշանակ դրական կամ բացասական ընդհանուր տպավորություն էին թողնում: Եթե նման միանշանակություն չկար, անդրադարձն արձանագրվում էր որպես չեզոք: Մշտադիտարկողի բոլոր կասկածները նույնպես մեկնաբանվում էին հօգուտ անդրադարձը չեզոք հաշվառելուն:

Բացի այդ, եթե նյութում հաղորդվում էր այն մասին, որ որևէ անձ/կազմակերպություն հրապարակայնորեն հայտարարել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում այս կամ այն կուսակցությանը/դաշինքին սատարելու/չսատարելու մասին, ապա վերջինիս անդրադարձն արձանագրվում էր որպես համապատասխանաբար դրական/բացասական:

Յուրաքանչյուր նյութում արձանագրվում էր յուրաքանչյուր կուսակցության/դաշինքի/նրա ղեկավարների/ներկայացուցիչների միայն մեկ բնորոշիչ նշան (+, – կամ 0):

Վերը նշված բոլոր կատեգորիաներում հաշվարկը կատարվում էր միավորներով:

  1. Կուսակցություններին/դաշինքներին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին ամբողջությամբ կամ մասնակի նվիրված հեռուստանյութերի եթերաժամանակը

Նախընտրական քարոզարշավի ժամանակ մշտադիտարկման առարկա դարձած հեռուստաալիքներում հետազոտվել է նաև խմբագրական լուսաբանման մեջ կուսակցությանը/դաշինքին հատկացված եթերաժամանակը:

Եթե նյութն ամբողջությամբ կամ մասնակի էր նվիրված կուսակցությանը/դաշինքին, ապա պարզվել և արձանագրվել է այն եթերաժամանակը, որը տրամադրվել է կուսակցությանը/դաշինքին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին՝ իրենց հայացքները, կարծիքները արտահայտելու, ինչպես նաև այլ անձանց՝ նրանց մասին իրենց դատողություններն ու պատմությունները ներկայացնելու համար:

Կուսակցություններին/դաշինքներին/նրանց ղեկավարներին/ներկայացուցիչներին իրենց հայացքները, կարծիքները արտահայտելու կամ նրանց մասին այլոց կողմից դատողություններ անելու կամ պատմելու համար հատկացված եթերաժամանակի չափումն իրականացվում էր հետևյալ սկզբունքով.

1) եթե հեռուստանյութն ամբողջությամբ նվիրված էր այս կամ այն կուսակցությանը/դաշինքին, ապա դրա ողջ եթերաժամանակը վերագրվել է տվյալ կուսակցությանը/դաշինքին,

2) եթե կուսակցությանը/դաշինքին նվիրվում էր հեռուստանյութի միայն մի մասը, ապա տվյալ կուսակցությանը/դաշինքին է վերագրվել եթերաժամանակի միայն այն մասը, որը նվիրված էր նրան,

3) եթե X կուսակցությանը/դաշինքին նվիրված հեռուստանյութում բերվում էին մեկ այլ՝ (X կուսակցությունից/դաշինքից տարբեր) Y կուսակցության/դաշինքի արտահայտությունները կամ այլ անձանց դատողությունները, պատմությունները Y-ի մասին (առանց X-ի հետ համեմատության), ապա Y-ին է վերագրվել նյութի այդ մասի համապատասխան եթերաժամանակը,

4) եթե X կուսակցությանը/դաշինքին նվիրված հեռուստանյութում ներկայացվում էին X-ի արտահայտությունները մեկ այլ՝ Y կուսակցության/դաշինքի մասին կամ՝ Y-ի արտահայտությունները X-ի մասին կամ՝ այլ անձանց դատողությունները, պատմությունները Y-ի մասին՝ X-ի համեմատությամբ, ապա այդ նյութի եթերաժամանակի համապատասխան հատվածի 50-ական տոկոսը մշտադիտարկողները վերագրել են ինչպես X-ին, այնպես էլ Y-ին:

Այս կատեգորիայում հաշվարկը կատարվել է վայրկյաններով:

Երևանի մամուլի ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31