Դեկտեմբերի 10-ին Իջեւանում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողով է դիմել Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Գառնիկ Դանիելյանը, խնդրելով Բերդ քաղաքի մի քանի ընտրական տեղամասերում՝ 38/42-ում, 38/43-ում, 38/39-ում քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել:
Հանձնաժողովը նրա դիմումը մերժել է, քանի որ պատգամավորության թեկնածուն չի հանդիսանում վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ:
Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ տարածքային հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշել է 38/42 ընտրական տեղամասում քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել:
Այն արվել է պատգամավորության թեկնածու Գառնիկ Դանիելյանի եւ վերջինիս վստահված անձ, Տավուշի նախկին փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանի ներկայությամբ: Հանձնաժողովից տեղեկացանք, որ վերահաշվարկի արդյունքում էական անճշտություններ, որոնք առնչվում են պատգամավորության թեկնածու Գառնիկ Դանիելյանի ստացած քվեներին, չեն հայտնաբերվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ