«Տեսանք քննչական մարմինների՝ իրենց գործողությունների կատարման ընթացքում ԶԼՄ-ների խոչընդոտումների հանգամանքներ»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի մտահոգություն հայտնեց Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա՝ մի կողմից հասկանալի են քննչական մարմինների գործողությունները, քանի որ ցանկանում են հանրային պահանջ բավարարել, բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ իրենց գործողությունները պետք է կատարեն մարդու իրավունքների խոսքի ազատության իրավունքը խախտելու միջոցով: Այս առիթով Բորիս Նավասարդյանը շարունակեց. «Մի կողմից կարող ենք հասկանալ, որ կա լուրջ հանրային ակնկալիք քննչական գործողությունների վերաբերյալ, որ արդյունքի հասցնեն տարբեր գործեր, որոնք իրենց հետևում են և′ երկրորդ նախագահի հետ կապված, և′ գաղտնալսումների, և′ կոռուպցիոն սկանդալների հետ կապված գործերը: Բայց դա չի նշանակում, որ քննչական մարմիններն այլ հանգամանքները պիտի արհամարհեն ու հաշվի չառնեն լրատվամիջոցների գործունեությունը, մարդու իրավունքները: Նրանք ցանկանում էին լրագրողներին նաև ԶԼՄ-ներին դարձնել իրենց օգնող անձ, այն դեպքում, երբ ԶԼՄ-ներն այլ խնդիր ունեին լուծելու»:
Բորիս Նավասարդյանը սա մտահոգիչ համարեց ու որպես լուծման ճանապարհ նշեց. «Մենք արդեն մեր հայտարարության մեջ նշել ենք, որ նոր ձևավորված իշխանությունը պետք է հստակ քաղաքական ուղերձ հղի, որ որքան էլ կարևոր են այդ քննչական գործողությունները, դրանք խոչընդոտ չպիտի դառնան ԶԼՄ կանոնավոր գործունեության համար: Դա կարող է բերել իրավապահ մարմինների սանձազերծ գործողությունների»:
Դառնալով news.am, yerevan today, aysor.am կայքերում իրավապահների գործողություններին՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «Միգուցե հանրության հետաքրքրությունը բավարարելու համար են անում դա, բայց դա չի արդարացվում որևէ կերպ: Այստեղ ջոկողություն կա, որտեղ կարելի է մտնել, որտեղ ոչ: Այսինքն՝ ամեն դեպք կան իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում ԶԼՄ-ներ, որոնք այսօրվա իշխանությանն ընդդիմադիր դաշտում են, ուստի իրավապահները համարում են, որ այստեղ կարելի է ավելի շատ բաներ թույլ տալ, քան մյուսների նկատմամբ:
Կարծում եմ՝ այստեղ նույնպես հաշվի առնել, որ քաղաքական իրավիճակը հանդարտվում է, պետք է հստակ ուղերձ լինի, որ անկախ ԶԼՄ քաղաքական ուղղվածությունից, նրանք հավասար իրավունքներ ունեն: Լրատվամիջոցների իրավունքները ոչ թե պետք է իրավապահ մարմինների կողմից խախտվեն, այլ պաշտպանվեն»:
Ըստ ԵՄԱ նախագահի՝ իրավապահները նման գործողությունների են դիմում նաև իրենց աշխատանքը հեշտացնելու համար. «Մի կողմից իրենց գործը հեշտացնելու համար նաև լրագրողի ներգրավմամբ տեքստ են կազմում վերադասին ներկայացնելու համար, թե տեսեք՝ օպերատիվ գործողություններ ենք կատարել: Դա ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ ընդունելի մարդու իրավունքների, խոսքի ազատության և ընդհանրապես քաղաքակրթային տեսանկյունից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ