Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռումբ, անակնկալ, սյուրպրիզ ես չեմ նկատել». Հովհաննես Իգիթյանը՝ ՀՀԿ-ի անակնկալի մասին

Դեկտեմբեր 11,2018 20:00

«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Հովհաննես Իգիթյանին «Առավոտը» հարցրեց՝ ՀՀԿ-ականները խոստացել էին Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին դեկտեմբերի 9-ին անակնկալ մատուցել, այդ անակնկալը ստացվե՞ց, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Երեւի իրենց համար էր դա անակնկալ, որ նրանք չեն հաղթահարել 5 տոկոսանոց շեմը: Դա, օրինակ, ինձ համար անակնկալ չէր, որովհետեւ նրանք սխալ էին պատրաստվել նախընտրական քարոզարշավին, ագրեսիվության մակարդակը բարձր էր, որեւէ պոզիտիվ չկար իրենց առաջարկների մեջ: Սա էր պատճառը, որ նույնիսկ իրենց կուսակցության անդամները, որոնք կարծեմ մոտ 160 հազար էին, իրենք այդպես էին ասում, ՀՀԿ-ին ձայն չեն տվել: Անակնկալը երեւի սա էր: Բայց ինչ անակնկալ իրենք էին նախատեսում՝ դժվար է ասել: Կարող է նկատի ունեին այն գաղտնալսումները, որ, երևի թե, ունեին իրենց մոտ ու որոշել էին վերջին օրերին տալ՝ համարելով, որ ընտրական ռումբի պես կարող է ինչ-որ բան փոխել: Եթե դա այդպես է, ապա հարցեր են ծագում, թե որտեղից իրենց այդ ձայնագրությունը եւ արդյոք նրանք որեւէ կապ ունե՞ն դա կազմակերպելու մեջ: Ես չգիտեմ նրանք ինչ նկատի ունեն, բայց ռումբ, անակնկալ, սյուրպրիզ ես չեմ նկատել»:

Մենք ճշտեցինք՝ ձեր խոսքից հասկացանք, որ գաղտնալսումների կազմակերպումը ամեն դեպքում դուք ՀՀԿ-ի շրջանակներում եք տեսնում՝ Իգիթյանը պատասխանեց. «Դասական կրիմինալիստիկայի մեջ ամեն ինչը սկսում է նրանից, թե ում է դա ձեռնտու, ով ուներ հնարավորությունները եւ միջոցները: Ում է դա ձեռնտու՝ պարզ երեւում է, դա օգտագործում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատը եւ ՀՀԿ-ականները: Միջոցներն ու հնարավորությունները, ես ենթադրում եմ, որ կամ այստեղ նախկին իրենց աշխատանքներից կամ ՌԴ-ից կարողացել են դա ձեռք բերել: Ես ուղղակի զարմանում եմ, որ առաջին դեմքերին գաղտնալսելը նրանք համարում են որպես խաղ»:

Դիտարկմանը՝ ընտրությունների օրը Դավիթ Շահնազարյանը Վանեցյանին հորդորեց իր քթի տակ ման գալ գաղտնալսողներին, Հովհաննես Իգիթյանն ասաց. «ԱԱԾ-ի աշխատակիցների հետ կապված կասկած ես չունեմ, որովհետեւ համոզված եմ, որ այդ բոլոր սարքերը, որ ԱԱԾ-ում կան, նրանք բոլորը գտնվում են հաշվառման մեջ եւ վերահսկողության տակ ու այդպիսի բաները արդեն չեն կարող իրականացնել առանց համապատասխան կարգադրության կամ թույլտվության, պետը կիմանար: Ես ենթադրում եմ, որ դա արվել է ԱԱԾ-ից դուրս»:

Հովհաննես Իգիթյանի խորհուրդները ՀՀԿ-ականներին, Շարմազանովի հայտարարած «Մերժիր Նիկոլին» շարժման եւ ԱԺ-ում «դեկորատիվ» ընդդիմության մասին դիտարկումները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31