Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կրակեց Մարտի 1-ին. «Մակրոնն այդ պատասխանը տվել է»

Դեկտեմբեր 11,2018 19:50

Հանրապետության հրապարակում մեկնարկած, ապա գլխավոր դատախազության շենքի մոտ շարունակված «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հանրահավաքն ավարտվեց: Հանրահավաքի մասնակիցները, որոնք պահանջում են ազատ արձակել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դատախազության շենքի մոտ 10-15 րոպե բողոքի ցույց անելուց հետո կրկին վերադարձան Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտվեց ցույցը: Բողոքի այս ցույցն առաջնորդող «Հայոց ազգային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Մինասյանը հայտարարեց՝ բողոքի ցույցերը շարունակական են լինելու, եւ մարզերում էլ են համակարգելու նման հանրահավաքներ:

«Մեր պահանջը նույնն է՝ վերջնական արդարադատության հաղթանակն է, այն արդարադատության, որի պայմաններում չեն նշանակի մեղավորներ, եւ քանի որ ես հույս չունեմ, որ պատվերը, որ եկել է հարեւան երկրներից՝ Արցախի հերոսների ցուցակը՝ բանտարկելու, դադարելու է, ուրեմն, հաջորդ անգամ դուրս գալը նշանակում է, որ մենք կրկնապատիկ ուժեղ ենք»,-հայտարարեց Մինասյանը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ Քոչարյանն անմեղ է, քանի դեռ չկա դատարանի որոշում, Արմեն Մինասյանը պատասխանեց.« Ես ոչ թե կարծում եմ, ես հավատացած եմ, որովհետեւ ես էդ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ապրած կյանքը, սկզբից մինչեւ վերջ, Հայաստանի հանրապետության քաղաքացու հանդեպ, մեր երկրի շինարարության, մարդու պաշտպանության էդ բոլոր գրասենյակներին, որ անդամակցում ա, Ռոբերտ Քոչարյանի շնորհքն ու գործողություններն են: Քանի դեռ դատարանի կողմից չի ճանաչվել մեղավոր, նա անմեղ է: Հենց այդ փաստով ես ուղղորդվելով միջազգային օրենքներով, Ռոբերտ Քոչարյանին համարում եմ անմեղ»:

Ով կրակեց մարտի 1-ին հավաքված քաղաքացիների վրա, ով սպանեց, այս հարցին էլ Արմեն Մինասյանն այսպես պատասխանեց.«Մակրոնն այս հարցին պատասխանել է՝ երբ դուք գտնվում եք այն վայրում, որտեղ գաթաներ չեն բաժանում, ուրեմն պետք է իմանաք՝ այդ վայրում կարող են լինել վտանգներ: Եվ քանի որ սադրանքն ու բենզինի շիշ կրողներ կային, գնացեք նրանց հարցրեք»:

Մինասյանին հիշեցրին՝ կրակել են չերյոմուխայից, իսկ վերջինս էլ հիշեցրեց՝ Դանիել Վարուժանի մահը.«Նրան կախել էին ծառից ու քերթում էին դանակով, ինչ կապ ունի, թե ինչով դու մահացար եւ ինչպես դու մահացար»:

Ցույցի մասնակիցներից ոմանք հարցին՝ ինչո՞ւ են մասնակցում ի պաշտպանություն Քոչարյանի հանրահավաքին, ասում էին՝ «Նախագահը անձեռնմխելի է, քննությունը կարող է ընթանա առանց Քոչարյանի կալանավորման»: Ոմանք էլ ասում էին, թե մարտի 1-ի գործով այլ մեղավորներ կան՝ նրանք, ովքեր հրահրել են:

Մարտի 1-ի 10 զոհերի համար ո՞վ է մեղավոր, ո՞վ է սպանել նրանց, այս հարցերին Քոչարյանի աջակից ցուցարարները պատասխան չունեին, նրանք արդարացնում էին Քոչարյանին նշելով՝ ճիշտ է վարվել Քոչարյանը, որ արտակարգ դրություն է մտցրել երկրում, արդեն թալան էր գնում, մեքենաներ էին վառում, խանութներ թալանում եւ այլն:

Հանրապետության հրապարակում մի տիկին էլ, որը ներկայացավ Յուլյա Վարդանյան, զարմացած նայելով հանրահավաքի մասնակիցներին ու ապա մատնացույց անելով Արմեն Մինասյանին ասաց.«Համար 6 պալատը լացում է նրա համար: Հոգեբուժական հիվանդանոցը լացում ա ուղղակի իրա համար: Ինչու եք այսքան ուշադրություն գրավում իրա անձի շուրջ այսքան լրատվամիջոցներով: Մարդը հիվանդ է»:

Լրագրողի հարցին՝ ճանաչո՞ւմ եք այդ անձին, որ ասում եք՝ հոգեկան հիվանդ է, տիկինը պատասխանեց՝ «միանշանակ, հիվանդ է, ճանաչում եմ միայն ֆեյսբուքով»:

Անցորդներին, քաղաքացիներին ակնհայտորեն դուր չէր գալիս այս բողոքի ցույցը. նրանք վրդովված դիմելով ցույցի մասնակիցներին ասում էին՝ իսկ ո՞ւր էիք դուք, երբ «պրիվետ Ռոբ» ասելու համար Քոչարյանը մարդ էր սպանում:

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը հրապարակել է Արմեն Մինասյանի լուսանկարը՝ տեղեկացնելով, որ  հեղափոխությունից հետո նա օրեր շարունակ այցելել է ՔՊ գրասենյակ՝ ունենալով ակնկալիքներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « իսկ ո՞ւր էիք դուք, երբ «պրիվետ Ռոբ» ասելու համար Քոչարյանը մարդ էր սպանում: »
    …………………………………………………………………………………….
    մէկդի դնելով միջադէպի նկարագրութեան երեխայական բանաձեւումը – որ կը յաջողի գրեթէ ծիծաղաշարժ դարձնել ողբերգութիւն մը -, ձեզանից ոեւէ մէկը այդ նիւթով երբեւիցէ սուր հարցումներ ուղղա՞ծ էր ողբացեալ Ազնավուրին… հիմա ալ կարող էր երթալ հարց տալ իր տղուն, լսեցի որ Հայաստան հաստատուեր է…

    ինչ որ ըլլայ ձեր կարծիքը Քոչարյանի մասին, զայն այսպէս, այս բնոյթի հալածանքի ենթարկելը ոչ մէկ օգուտ չի կրնար բերել Հայաստանին եւ Հայութեան, այլ միայն վնաս

    եթէ Պարոն Վարչապետը ուզում է շարունակել ինքն իր ընթացքը իր ձեռքով իսկ խափանել, շատ լաւ ճանապարհի վրայ է այդ ուղղութեամբ

    խնդիրը այն է որ սակայն, գինը միայն ինքը չէ որ պիտի վճարէ…

  2. Հ.Շ. says:

    բնաւ կարեւոր չէ թա ի՞նչ է քանակը այս ակցիաներու մասնակիցներուն… ոչ ալ որակը, ի դէպ…

    այս օրերուն, քանի՞ հոգի քաջութիւնը կրնայ ունենայ հանրային կերպով յայտնելու իր կարծիքը այս նիւթի մասին

    սահմանափակ իրականութեան այդ նեղ փուչիկին մէջ ուր կ’ապրիք այդ երկրում – միաժամանակ յաճախ կարծելով թէ ամբողջ աշխարհը ձեզմով հետաքրքրուած է -, էական բաներ կայ որ չէք տեսնում

    սա արդէն լաւագոյն պատճառն է որ կարգ մը հայեր գոնէ մնան դուրսը… դուք շարունակեցէք մի հատիկ ծառի մը կոճղին նայիլ միայն, մտասեւեռիլ անոր վրայ, մենք անտառը կը տեսնենք… եւ կը ցաւինք…

  3. Վարդան says:

    Էս մարդկանց ես կարող եմ հենց հիմա գնալ ու 5000 դրամով գնել: Եվս մի երկու կոպեկ էլ ավելացնեմ իրենց երեխաներին ու մայրերին էլ կծախեն: Ավտորիտար համակարգի էժան, մնացուկներն են որոնք օգտվում են ժողովրդավարական համակարգի ազատություններից: Ինչևէ, դեռ երկար կտևա մինչև մաքրվի ավտորիտար աղբը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31