Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր խորհրդարանի առաջին քայլը կլինի Հարկային օրենսգրքի փոփոխությունը. Փաշինյան

Դեկտեմբեր 11,2018 19:40

Հայաստանի նոր խորհրդարանի առաջին օրենքը կլինի Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում:

«Մենք պատրաստվում ենք ազատել փոքր բիզնեսը հարկերից: Եվ մենք դա անում ենք, որպեսզի մարդկանց խրախուսենք աշխատել, ստեղծել աշխատատեղեր իրենց իսկ համար և աշխատանքի միջոցով  ապահովել իրենց բարեկեցությունը»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ աշխատատեղերի բացակայությունը կարևորագույն խնդիրներից մեկն է, և Հայաստանում այսօր մարդիկ չունեն որևէ հնարավորություն ունենալ իրական աշխատանք՝ պատշաճ աշխատավարձով:

«Մեր նախորդ կառավարությունը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, խրախուսում էր աղքատությունը Հայաստանում, քանի որ, եթե դու ունես աղքատ հասարակություն, ավելի հեշտ է գործի դնել ընտրակաշառքները, ձայների գնումը և այլն,- ասել է Փաշինյանը:-  Ուստի ես կարծում եմ, որ Հայաստանում աղքատությունը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական խնդիր է, քանի որ, եթե դու ունես կոռումպացված կառավարություն, շատ հարմար է ունենալ աղքատ բնակչություն, քանի որ աղքատ մարդկանց հեշտ է կառավարել, ղեկավարել: Բայց հիմա մենք Հայաստանում ունենք ժողովրդավարական փոփոխություններ, և մեր կառավարությունը շահագրգռված չէ պահպանել աղքատությունը Հայաստանում, որովհետև մենք նպատակ չունենք մեր իշխանությունը պահպանել ցանկացած գնով»:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն, և իրենք կմնան կառավարությունում այնքան ժամանակ, ինչքան կկամենա ժողովուրդը: Լրագրողի դիտարկմանը՝ որ Փաշինյանը յուրօրինակ կուռք է դարձել Հայաստանում, և դա կարող է վնաս հասցնել ժողովրդավարությանը՝ Փաշինյանն ասել է.

«Դա չի կարող վտանգի տակ դնել մեր հեղափոխության ժողովրդավարական արժեքները: Ես գիտեմ, որ կան շատ վաճառողներ, ովքեր վաճառում են իմ դեմքով շապիկներ և այլն: Ես դեմ չեմ, որովհետև եթե իմ դեմքը կարող է օգնել մարդկանց հաղթահարել իրենց աղքատությունը, ես ուրախ եմ դրա համար: Բայց դա որևէ այլ՝ քաղաքական նշանակություն չունի: Որովհետև ես չգիտեմ ինչ անել… Շատ մարդիկ փողոցում ցանկանում են սելֆի անել ինձ հետ, և ես չեմ կարող պատկերացնել, որ կարող եմ մերժել նրանց՝ վտանգի տակ չդնելու Հայաստանում ժողովրդավարությունը»,- ասել է նա:

Նա հավաստիացրել է, որ բոլորը կտեսնեն, որ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և թափանցիկության առումով ոչ մի բան սխալ չի գնում:

Անդրադառնալով իր և իր կուսակցության քաղաքական գաղափարախոսությանը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ինքը դեմ է «իզմ»-երին:

«Ես երբեք չեմ ասել, որ լիբերալ եմ: Երբեք նման բան չեմ ասել: Շատ լրատվամիջոցներ ինձ նկարագրում են որպես լիբերալ: Երեկ թե այսօր արևմտյան մի լրատվամիջոցում կարդացի, որ ես ցենտրիստ եմ.. Ես կարծում եմ, և դա գրված է մեր կուսակցության ծրագրում, որ 21-րդ դարում հստակ գծեր չկան քաղաքական գաղափարախոսությունների միջև, որովհետև 21-րդ դարում այդ գծերը, երբեմն, անհետանում են: Եվ հիմա մենք կարող ենք տեսնել, որ շատ լիբերալներ, երբեմն, սոցիալ դեմոկրատներ են, մենք կարող ենք տեսնել որոշ սոցիալ դեմոկրատներ լիբերալ հայացքներով և այլն: Անկեղծ ասած, ինձ համար ընդունելի չէ, երբ ինձ, մեր կուսակցությունը նկարագրում են որպես լիբերալ կամ ցենտրիս, կամ սոցիալ դեմոկրատ: Որովհետև ես կարծում եմ, որ մենք պետք է սահմանենք այն նպատակներն ու առաջադրանքները, որոնց պատրաստվում ենք հասնել և իրականացնել, և ես կարծում եմ որ այդ նպատակները վեր են ինչպես նշեցի «իզմ»-երից: Իրականում ժողովրդավարությունը որոշ առումով լիբերալ գաղափարախոսություն է: Բայց մենք ունենք ժողովրդավարություններ շատ երկրներում, որոնք իրենց դիրքավորում են որպես պահպանողական երկիր: 21-րդ դարում մենք ունենք կոմունիստական հասարակություն մասնավոր սեփականությամբ: Համաձայն գաղափարախոսության՝ դա անընդունելի է. հնարավոր չէ ունենալ կոմունիզմ և մասնավոր սեփականություն միևնույն վայրում: Ես կարծում եմ, որ 21-րդ դարում ամեն ինչ փոխվում է, և ես չեմ կարող ինձ համարել որպես ցենտրիստ կամ լիբերալ կամ սոցիալ դեմոկրատ»,- ասել է Փաշինյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արդի Տնտեսութեան նախնական, ամենատարրական ըմռնողութեան պակասը, կառավարութեան մէջ, շշմեցուցիչ է: Սարսափելի, նոյնիսկ:

    Լաւագոյն պարագային, ցարդ յայտուած մի քանի տնտեսական նոր միջոցները, արդիւնք չեն տար: Շատ աւելի հաւանական է սակայն որ ընդհանուր վնաս բերեն երկրին արդէն իսկ խղճալի տնտեսութեան:

    Ջանանք գոնէ մէկ կէտ պարզօրէն ներկայացնել՝ աշխատավարձները բարձրացնելու համար, ինչո՞ւ չհաստատել Օրէնքի ուժով պարտադրուած նուազագոյն, պատկառելի աշխատավարձ մը: Ապա, ազդու հսկողութիւն բանեցնել կենսական ապրանքներու սակերուն վրայ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31