Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը:
Այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, կուտակած փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման արդի գործիքակազմի վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը լեհ գործընկերներին են ներկայացրել Հայաստանի պաշտպանական համակարգում հեռավար ուսուցման ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը:
Այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Լեհաստանի ռազմաուսումնական հաստատությունների միջև հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ