Դեկտեմբերի 10-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Գառնիկ Բադալյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին (Raşit Meredow )։
Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ Ռաշիդ Մերեդովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշությունը և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանը արգասաբեր գործունեությամբ կնպաստի և նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Թուրքմենստանի միջև ծավալված արդյունավետ փոխգործակցությանը։
Դեսպանը Թուրքմենստանի փոխվարչապետին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ողջույնները և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության օրակարգն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձան փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով էներգետիկ ծրագրերի իրականացումը, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և գործարար կապերի խթանումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա խորացումը:
Դեսպան Գառնիկ Բադալյանը Թուրքմենստանի ԱԳ նախարարի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև` տեղեկություններ հայտնեց դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտությունների նախնական արդյունքների մասին:
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց Թուրքմենստանի պետական հեռուստատեսության թղթակցի հարցերին։
ՀՀ ԱԳՆ