Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարան են անցել «թավշյա հեղափոխությանը» մասնակցած ուժերը, կարծում է «Նեզավիսիմայա գազետա»-ն

Դեկտեմբեր 11,2018 19:11

Հայաստանի ԿԸՀ-ն դեկտեմբերի 10-ին հրապարակեց կիրակի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ընտրություններին մասնակցել է 1 262 164 մարդ: Ինչպես և նախատեսվում էր, համոզիչ հաղթանակ տարավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որը հավաքեց ձայների ավելի քան 70%-ը: 7-րդ գումարման ազգային ժողովում կլինեն գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» (8,27%) և նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը » (6,37%), գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը՝ նկատելով, որ «հաջողության հասած բոլոր քաղաքական ուժերը մասնակցել են թավշյա հեղափոխությանը», որի արդյունքում ապրիլի 23-ին Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

ՀՀԿ-ն, որը հավակնում էր խորհրդարանում իրական ընդդիմության դերին, դուրս մնաց, շարունակում է պարբերականը: Անցողիկ 5%-ի հաղթահարման համար նրան չբավականացրեց 0,3%: ԿԸՀ-ի կողմից արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ՀՀԿ-ն հանդես եկավ քննադատական հայտարարությամբ՝ նշելով, որ «ընտրություններն անցկացվել են սպառնալիքի և ատելության մթնոլորտում, պետության ղեկավարի կողմից անձնական ճնշումների և սպառնալիքների ֆոնին»: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն անցնում է կուսակցական նոր փուլ՝ արտախորհրդարանական ընդդիմության, և այդ դերում օրինական պայքար կմղի «հանուն Հայաստանի, անվտանգության, քրիստոնեական արժեքների և Արցախի»:

Եթե ՀՀԿ-ն իրեն հայտարարի արտախորհրդարանական ընդդիմություն, ապա Ազգային ժողովում իշխանություններին կընդդիմանա ԼՀԿ-ն, որը շտապել է հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: ԼՀԿ-ն ընտրություններին մասնակցած այն քիչ կուսակցություններից է, որը համարձակություն է ունեցել իր նախընտրական ծրագիրը կապել Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման հետ, գրում է թերթը: Իհարկե, դրա հետ մեկտեղ, կուսակցության անդամները մշտապես ընդգծել են, որ դա չպետք է տեղի ունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, ռուսամետ դաշինքներից՝ Եվրասիական տնտեսական միությունից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հաշվին: ԼՀԿ-ն հանդես է գալիս Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքական վեկտորը պահպանելու, բայց միաժամանակ նաև արևմտյան ուղղությամբ այն ակտիվացնելու օգտին, ինչը ենթադրում է առաջին հերթին գործընկերություն ԵՄ-ի հետ:

ԲՀԿ-ն վերջերս իր մասին արտահայտվել է որպես ռուսամետ ուղղությամբ կուսակցություն: Ընտրություններից ոչ շատ առաջ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնել էր Մոսկվա և հանդիպել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և «Եդինայա Ռոսսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի հետ: Ընտրություններից առաջ Ծառուկյանը գործընկերության համաձայնագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանի հետ, ուստի ընդդիմադիր հարձակումները խորհրդարանում վտանգ չեն ներկայացնում: Փաստացի, հաղթող «Իմ քայլը» դաշինքին հաջողվեց իրավիճակը պահել լիարժեք հսկողության տակ, ինչը կհաջողվեր անգամ առանց ԲՀԿ-ի հետ միության:

Միակ բանը, որ կարող էր Փաշինյանի ծրագրերից դուրս լինել և հիասթափություն առաջացնել, ընտրողների ցածր մասնակցությունն էր, գրում է թերթը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կիրակի տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, և դարձյալ առաջին անգամ ընտրողների մասնակցությունը հիսուն տոկոսից ցածր էր: Ցածր մասնակցությունը դեռ կիրակի կեսօրին փաստել էր ԿԸՀ-ն: Օրվա երկրորդ կեսին, ակտիվությունը մի փոքր ավելացավ: Հնարավոր է այդ հարցում պակաս կարևոր դեր չի ունեցել սոցցանցերում Փաշինյանի համապատասխան կոչը: Եվ այնուամենայնիվ, մասնակցությունը չհասավ 50%-ի: Թերևս, վճռորոշ դարձան երկու գործոն. վատ եղանակը, քանի որ Հայաստանում կիրակի ձյուն և անձրև էր տեղում, և ընտրությունների կանխորոշված լինելը. Փաշինյանի հաղթանակի մեջ ոչ մեկ չէր կասկածում:

Չնայած դրան, ոչ բարձր մասնակցության կապակցությամբ ինքը՝ հաղթարշավի հերոսը, որևէ դժգոհություն չհայտնեց: Առայժմ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես որ նա ծրագրել էր իշխանության գալով, եզրափակում է թերթը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31