«Լինելու ենք ընդդիմություն, եւ դա է լինելու մեր առաքելությունը: Շատ լավ է, որ քաղաքացիներն ազատ կամարտահայտմամբ ընտրեցին խորհրդարան, իսկ արձանագրված ընտրախախտումները իրազեկման պակասի հետեւանք էին: Սրանք այն ընտրություններն էին, որոնց մասին երազել էինք»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նոր խորհրդարան անցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:
Նա անդրադարձավ մեղադրանքներին, թե ԼՀ-ն չի կարող լինել ընդդիմություն եւ ժողովրդի շահերը ներկայացնել, քանի որ նախկինում՝ «Ելք» դաշինքի կազմում, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործընկերն է եղել, ուստի կաշկանդվածություն ունի: Անի Սամսոնյանը վստահեցրեց. «Մենք կաշկանդված չենք: Այնպես, ինչպես քննադատել ենք ՔՊ-ին՝ «Ելք»-ի կազմում, այդպես էլ քննադատելու ենք հիմա՝ հրապարակավ: Որպես օրինակ նշեմ, որ Երեւանի ավագանիում մենք քննադատում ենք առանց կաշկանդվածության»:
Անի Սամսոնյանը շեշտեց, որ ԼՀ-ն, որպես ընդդիմություն, չի ունենալու նախկին հռետորաբանությունը, քանի որ ՀՀ նոր իշխանությունն այլեւս կոռումպացված ու թալանչի չէ. «Այդ իշխանությունն ընտրվել է արդար կերպով, բայց ժողովրդավարական երկրներում անհրաժեշտ է ընդդիմություն, քանի որ իշխանությունը չի կարող զերծ մնալ սխալներից: Այդ սխալները մատնանշողը լինելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ