Նոր՝ 7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը, ինչպես հայտնի է, կունենա 132 պատգամավոր: Գործող ընտրական օրենսգիրքը սահմանում է, թե ինչպես են բաշխվելու մանդատները ԱԺ անցած երեք ուժերի՝ «Իմ քայլը» դաշինքի, «Լուսավոր Հայաստան»-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ: Ըստ օրենքի՝ ԱԺ-ի մանդատների նվազագույն թիվը 101 է: Որպեսզի պարզվի, թե կուսակցությունը կամ դաշինքը որքան մանդատ է ստանում, նրան «կողմ» քվեարկած ձայների թիվը բազմապատկվում է 101-ով, ապա՝ բաժանվում ԱԺ անցած բոլոր քաղաքական ուժերին «կողմ» քվեարկված քվեաթերթիկների թվին:
Ուժերի ստացած «կողմ» քվեաթերթիկների թիվը
«Իմ քայլը»՝ 884 հազար 849 ձայն
ԲՀԿ՝ 103 հազար 837 ձայն
«Լուսավոր Հայաստան»՝ 80 հազար 49 ձայն
Միասին՝ 1 միլիոն 068735
Ապա, «Իմ քայլը» դաշինքի մանդատների թիվը պարզելու համար անենք հետեւյալ հաշվարկը՝
884.849×101÷1 միլիոն 068735=83,6…, ասել է թե՝ 84: Այս թվին գումարվում է եւս չորս՝ ազգային փոքրամասնություններին տրվող մանդատների թիվը: Ստացվում է, որ «Իմ քայլը» կունենա 88 մանդատ:
ԲՀԿ-ի պարագայում հաշվարկը հետեւյալն է.
103.837×101÷1 միլիոն 068735=9,81…, այսինքն՝ 10 մանդատ:
«Լուսավոր Հայաստան»-ի դեպքում հաշվարկը հետեւյալ պատկերն ունի.
80049×101÷1 միլիոն 068735=7,5…, այսինքն՝ 7 մանդատ:
Ստացվում է, որ «Իմ քայլն» ունի 88, ԲՀԿ-ն՝ 10, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 7 մանդատ: Սակայն գործող Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի խորհրդարանական մանդատների 1/3-ը բաժին հասնի ընդդիմությանը: 132 պատգամավորի 1/3-ը կազմում է 44, բայց ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» մանդատների թիվը միասին 17 է:
Այդ պատճառով ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» կունենան լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի 44(այսինքն՝ 132-ի 1/3-ը):
Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսվելիք այլ հաշվարկների արդյունքում ԲՀԿ-ն վերջնարդյունքում ստանում է 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ:
Այսպիսով, Իմ քայլը դաշինքը կունենա 88, ԲՀԿ-ն` 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ