Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ հեգնողներին ուղղակի ասեք, որ իրենք անդաստիարակ եւ անմակարդակ մարդիկ են». Մենուա Հարությունյան

Դեկտեմբեր 11,2018 18:06

Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու Մենուա Հարությունյանն ասել էր, որ ինքը ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողն է, ու ընտրություններից հետո մամուլում, սոցցանցերում հեգնում են, որ ՀՀԿ կենտրոնական հարձակվողը Սյունիքի մարզում ստացել է ընդամենը 353 ձայն: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Մենուա Հարությունյանը մեր հարցին՝ այդ 353 ձայնը ձեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ՝ որպես կենտրոնական հարձակվող՝ պատասխանեց. «Յուրաքանչյուր քվե է ինձ բավարարում, ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ձայն են տվել: Սյունիքում բոլորը կփաստեն, որ ես այնտեղ կոչ եմ արել ՀՀԿ-ին քվեարկել, ՀՀԿ-ի քարոզն եմ արել եւ ՀՀԿ-ն Սյունիքի մարզում մոտ 3000 ձայն է ստացել: Բացի այդ, եթե ՀՀԿ-ն Սյունիքի մարզում քիչ ձայն է ստացել, դա ոչ թե իմ գնահատականն է, այլ ՀՀԿ-ի նախկին թիմի, ովքեր տարիներ շարունակ այնտեղ աշխատել են: Եթե նրանք լավ աշխատած լինեին եւ ժողովուրդը նրանց նկատմամբ սիմպատիա ունենար՝ կընտրեին ՀՀԿ-ին: Այն մթնոլորտը, որը կար Սյունիքում իմ գնալու օրերին, եթե այդքան ձայն էլ մենք ստացել ենք՝ վատ չէ»:

Հարցին՝ սոցցանցերում ձեր ստացած ձայների մեջ նաեւ ձիու գործոնն են տեսնում, կա՞ այդ 353 ձայնի մեջ ձիու գործոնը՝ Մենուա Հարությունյանը պատասխանեց. «Էդ հեգնողներին ուղղակի ասեք, որ իրենք անդաստիարակ եւ անմակարդակ մարդիկ են: Սյունեցին էն տեսակը չի, որ ձիու գործոնով ընտրություն կատարի: Սյունեցին վերլուծում է եւ գնում է գիտակցված ընտրության: Իհարկե, կան էյֆորիայի մեջ գտնվողներ, բայց նրանք հաստատ գնացել, Նիկոլին են քվեարկել: Ինչ վերաբերում է ձիուն, ես փորձեցի նախկին վարչապետի խոսքով ասած՝ դրայվ մտցնել այս գորշ եւ ճվճվալու, վախի մթնոլորտում անցնող քարոզարշավի մեջ, բայց իրականում այդ ձիու նկարի մեջ կար լուրջ խորհուրդ, ես մի քանի անգամ բացատրել եմ: Ես փորձել եմ մեր սյունեցի եւ ոչ միայն սյունեցի երիտասարդներին տեսլական տալ, որ առօրեական խնդիրներից զատ, փողոցներ փակելով իշխանության ձգտելուց զատ, որպես երիտասարդ սերունդ, պետք է ունենանք նաեւ ազգային գաղափարներ: Կարծում եմ, դրանում որեւէ վատ բան չկա»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է «Մերժիր Նիկոլին» շարժում սկսելու մասին, այդ շարժումն ապագա ունի՞ ըստ ձեզ՝ Մենուա Հարությունյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած չգիտեմ, տեղյակ չեմ, որ որոշում է կայացվել նման շարժում ձեւավորելու, բայց ես կարծում եմ՝ լավ, թե վատ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ է ու ժողովրդին տված իր խոստումները պետք է կատարի, խոստացած թռիչքաձեւ տնտեսական աճն ապահովի եւ մարդկանց կյանքի որակը փորձի փոխել: Եթե նա իր խոստումները չկատարի, իհարկե, քաղաքական դաշտում ձեւավորվելու է պայքարի ալիք: Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այսօր ձեւավորվել է անդեմ խորհրդարան, որտեղ իրական ընդդիմություն չկա, այս պայմաններում խորհրդարանից դուրս են մնացել իրական ընդդիմադիր ուժերը ու այդ ուժերը խորհրդարանից դուրս ձեւավորելու են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ ցանկացած ձեւաչափ: Թե ինչ ձեւաչափ՝ ես չգիտեմ, բայց ես դեմ եմ փողոցային պայքարով ցանկացած իշխանափոխության, ես կարծում եմ, որ դա մեր երկիրը լավ տեղ չի տանում: Կարելի է  դուրս գալ փողոց, ինչ-որ հարցեր առաջ քաշել, բայց անընդհատ փողոցով փորձել իշխանափոխության հասնել՝ դա մեր երկիրը թուլացնելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31