Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաք՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. պահանջում են ազատ արձակել

Դեկտեմբեր 11,2018 18:33

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հանրահավաքն՝ ի պաշտպանություն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Հանրահավաքն առաջնորդում է «Հայոց ազգային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Մինասյանը: Հանրահավաքը սակավամարդ է:

Այս հանրահավաքին մասնակցում է նաեւ ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու առաջադրված ու չընտրված Մենուա Հարությունյանը:

Նախաձեռնող խումբը պահանջում է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որը Մարտի 1-ի գործով արդեն 2 օր է կալանավորված է, նա մեղադրվում է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու համար: Այս նախաձեռնող խումբը հայտարարություն էր տարածել՝ «Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, գնահատելով տեղի ունեցածը որպես հակազգային ոճիր, պատրաստվում ենք մեր վճռական բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ այս սարսափելի անարդարության։ Ընդդեմ գործող վարչախմբի, որը հետեւողական քայլերով փորձում է Հայաստանում միապետական ռեժիմ հաստատել, ինչը հղի է լրջագույն վտանգներով հայկական երկու պետությունների համար»։

Արմեն Մինասյանն իր ելույթում ասաց. «Հաղթական վերջնակետն այն է լինելու, որ հարգվի ՀՀ Սահմանադրությունը եւ դրանից սկիզբ առնող օրենքները, մարդու պատվի ու արժանապատվությանը հասցվող վնասը պետք է տեղ չունենա Հայաստանում: Միջազգային կոնվենցիաները, հակապես, ՄԱԿ-ի 1985 թվականի հռչակագիրը չի ասում, որ հոդվածով, ինչ չափով կարելի միջամտել դատական գործերին, այլ ասում է՝ միջամտության փորձը մարդկության դեմ հանցագործություն է»: Մինասյանը հիշեցնելով ԱԱԾ պետին գաղտնալսման ձայնագրությունն ասաց՝ «ԱԱԾ պետին կոչ եմ անում օրենքն ու իրավունքը կարդալ, որ այնտեղ գրված չէ ինչ չափով կարելի միջամտել, այնտեղ նշվում է, ոչ թե ներքին օրենքով պատժվող հանցանք է, այլ մարդկության դեմ հանցանք է»:

Մինասյանի խոսքերով՝ Քոչարյանին առաջին անգամ ազատ արձակելուց հետո դատարանի վրա ճնշում է գործադրվել: Արդարադատությանը, Մինասյանի խոսքերով՝  միջամտությունը թուրքական 2 պետությունների՝ Թուրքիա եւ Ադրբեջանի  պատվերն է՝ ընդդեմ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի. «Որպեսզի  հանցագործների ձեռքերը երկար լինեն ու իրենք Հայաստան աշխարհի մասնատումը իրականացնեն իրենց ուզածով: Ինչո՞ւ մարտի 1-ի իսկական մեղավորներն  իրենց տանը նստած են, միակ մեղավորը ազատություն է  վայելում ու դատապարտվում է այն մարդը, որն առնչություն չունի»:

Արմեն Մինասյանի կոչով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ եւ այս պահին հանրահավաքն այստեղ է ընթանում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31