Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Հարությունյանը՝ «նիկոլականների» քաղաքական հուղարկավորության ու ՀՀԿ-ի սգի մասին

Դեկտեմբեր 11,2018 17:57
menua

ՀՀԿ-ականները Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին խոստացել էին, որ դեկտեմբերի 9-ին նրանց անակնկալ է սպասվում:

Aravot.am-ը ՀՀԿ ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանին հարցրեց՝ մատուցվե՞ց այդ անակնկալը, ըստ ձեզ, թե՞ չհաջողվեց մատուցել: Նա պատասխանեց. «Ես ընտրություններից առաջ էլ կանխատեսում էի, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին թույլ չի տալու, որ մտնի խորհրդարան եւ դա ինձ համար, օրինակ, անակնկալ չէր: Համ եթե ՀՀԿ-ն մտներ, ինձ համար դա անակնկալ կլիներ, բայց ես ներքին վստահություն ունեի, որ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տալու: Նախ, իր կողքի մարդիկ անընդհատ ասում էին՝ ՀՀԿ-ն չի մտնելու, իսկ ես ենթադրում եմ, որ իրենք իրենց ներսում որոշում ունեին թույլ չտալու, դրա համար էլ ոմանք չհասկանալով՝ ներսի զրույցը հանում էին գցում հրապարակային դաշտ: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ամբողջ նախընտրական շրջանում հակաՀՀԿ-ական քարոզչություն, հաճախ նաեւ հիստերիա էր անում՝ ՀՀԿ գյուղապետերին մեղադրելով, որ վզներիցդ կբռնեմ, կշպրտեմ փողոց, մյուս կողմից էլ ՀՀԿ-ական գյուղապետերն ու քաղաքապետերը տարօրինակ պայմաններում դուրս էին գալիս ՀՀԿ-ից ու նրանցից շատերը սկսում էին աջակցել Նիկոլի թեկնածուներին: Հետեւաբար, եթե նախընտրական այդ էտապին ուշադրություն դարձնենք, ակնհայտ կլիներ, որ ամեն ինչ անում են՝ ՀՀԿ-ն չլինի ԱԺ-ում: Հիմա դա անակնկալ էր, թե ոչ՝ իմ համար անակնկալ չէր: Ես անակնկալ չեմ խոստացել»:

Հարցին՝ մյուս թեւն էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները խոստանում էին, որ դեկտեմբերի 9-ը լինելու է ՀՀԿ-ի քաղաքական հուղարկավորության օրը, հիմա ՀՀԿ-ն հուղարկավորության, սգի մե՞ջ է, թե՞ ոչ՝ Մենուա Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, 60 հազար ձայն նման վախի մթնոլորտում ստացած քաղաքական ուժին ասել, որ դա իր քաղաքական մահն էր, մեղմ ասած անհարգալից վերաբերմունք է սեփական քաղաքացիների այն հատվածի նկատմամբ, ովքեր ընտրել են ՀՀԿ-ին: Ընտրությունները պետք է լինեն ոչ թե կուսակցություններին թաղելու կամ վերածնելու պրոցես, այլ պետք է լինեն ուղղակի Սահմանադրությամբ քաղաքացիներին տրված իրավունքի իրականացման միջոցառում: Կոշտ ձեւակերպումներ տալը ապաքաղաքական է, բոլոր այդ նիկոլականները, ովքեր նման գնահատականներ են տալիս, ապաքաղաքական տարրեր են, պետական մտածողություն չունեն եւ այդ թիմում հիմնականում հենց այդպիսի մարդիկ էլ հավաքվել են, որ դեմագոգիայի, սեփական ժողովրդին խաբելու էյֆորիայի ֆոնին մտել են քաղաքական դաշտ: Վստահ եղեք, իրենք քաղաքական ապագա չեն ունենալու: Իրենց քաղաքական կյանքը շատ կարճ է տեւելու ու մի օր մեր ժողովուրդը իրենց քաղաքական հուղարկավորությունն է կազմակերպելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31