Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ նիստը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Aravot.am-ին տեղեկացրեց՝ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 14.00-ին:
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիստի ընթացքում գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել, նիստն ընդմիջվել է: Բայց, այնուամենայնիվ, Մանվել Գրիգորյանը նիստին մասնակցել է:
Արսեն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ այժմ Մանվել Գրիգորյանը գտնվում է Երևան քրեակատարողական հիմնարկում: Պաշտպանն այցելելու է նրան:
Դառնալով դատավարության ընթացքին՝ Արսեն Մկրտչյանն ասաց. «Ոչ մի վերաբերելի հիմնավորում վարույթ իրականացնող մարմինը չներկայացրեց, որով հիմնավորված կլիներ, որ Մանվել Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ, բայց նախկին դատավարությունների փորձերն աչքի տակ ունենալով՝ կասեմ, որ երևի թե դատարանը դրանով կաշկանդված չի եղել. ապօրինի կալանավորվել է, ապօրինի պահվել և, կարծում եմ, հերթական անգամ էլ նույնաբովանդակ մի որոշում կունենանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ