Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն ուտում է այն ճաշը, ինչ եփել է, բայց դա դեռ չի նշանակում, որ ՔՊ-ն պետք է շարունակի օգտվել դրանից». Կարեն Քոչարյան

Դեկտեմբեր 11,2018 17:15

«Այն, որ ասում են՝ ընդդիմություն չկա, այդպես չեմ կարծում, քանի որ հասարակության մի զանգված անպայման մտածում է՝ ընդդիմությունը նա է, որ պիտի հայհոյի: Ընդդիմությունը նաև կառուցողական պիտի լինի: Նա պիտի առաջարկի հարցերի լուծման՝ իշխանությունից տարբեր ճանապարհներ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա՝ ամեն ինչ կանխատեսելի էր: Այն առնչությամբ, որ որոշ քաղաքական ուժեր հայտարարում են անհամապատասխանությունների մասին, Կարեն Քոչարյանն ասաց. «Այս ընտրությունների հասարակական ընկալումն այնքան լեգիտիմ է, որ քանի թերթիկ ուզում են ներկայացնեն, միևնույն է»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը փաստեց՝ մեր հասարակությունը մի տեսակ վահան է դարձել հեղափոխությանը: Ըստ նրա՝ ամբողջ հասարակությունը հիացած է նրանով, ինչ առաջիկայում սպասվում է. «Համենայն դեպս, նման բառամթերք է ձևավորվել: Հիմա, երբ արդեն փաստարկված, ամփոփված է, ներկայացված են թվերը, մի քիչ ավելի պրագմատիկ խոսակցության շրջանը պիտի գա, գուցե  ուշացած է: Նույնիսկ «Իմ քայլը», քանի որ ամենաբարձրագոչը արդարության և սկզբունքայնության մասին է խոսում, նաև նրանք միշտ չէ, որ այնպիսի ցուցակներով են գալիս խորհրդարան, որ մենք տարակույսներ չենք  ունենա, որ այս խորհրդարանը կարող է մեզ անակնկալներ մատուցել»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ չկարողացանք հաղթահարել ազգակցականությունը, քաղաքական նպատակահարմարությունը, չկարողացանք հաղթահարել տարբեր կապերի ազդեցությունը:

Դառնալով մասնակցության ցածր տոկոս գրանցված լինելու մասին հայտարարություններին՝ Հրանուշ Խառատյանը չհամաձայնեց՝ նշելով, որ, ընդհակառակը, մասնակցությունը, ընտրական ակտիվությունը բավականին բարձր էր:

Դառնալով դատաիրավական համակարգի խնդիրներին՝ Կարեն Քոչարյանն ասաց. «ՀՀԿ-ն ուտում է այն ճաշը, ինչ եփել է, բայց դա դեռ չի նշանակում, որ ՔՊ-ն պետք է շարունակի օգտվել դրանից»:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ խանդի տեսարաններ լինելու են ՔՊ-ում՝ մեկն ասելու է` ես քայլել եմ, մյուսն ասելու է` ես եմ քայլել: Ըստ Կարեն Քոչարյանի՝ իրական խորհրդարանական ընդդիմությունը ծնվելու է հենց ՔՊ ներսից:

Նշենք, որ ասուլիսի ընթացքում Կարեն Քոչարյանն այսպիսի հայտարարություն արեց. «1995-ի սեպտեմբերին հայրս մահացավ, քառասունքը չլրացած Մանվել Գրիգորյանի եղբոր տղաները եկան, զենքը պահեցին վրաս, ասացին՝ վաուչերները ստորագրի, նվիրի մեզ: Ես չեմ դիմելու ոչ մի տեղ, բայց, եթե դիմեմ, դա ունեցվածքի վերաբաշխո՞ւմ է , թե՞ արդարության վերականգնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31