Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Եթե կա sms քվեարկություն, 10 լավագույն մարզիկների ընտրության մարզական բաղադրիչը դուրս է մղվում»

Դեկտեմբեր 11,2018 17:07

Տասնամյակներ ի վեր Հայաստանի 10 լավագույն մարզիկներին որոշել են մարզական լրագրողները, սակայն վերջին երկու-երեք տարիներին երկրի իշխանության վերին օղակների ցանկությամբ ու ոչ պաշտոնական հրահանգով կարգը փոխվել է եւ մի իսկական խառնաշփոթ է առաջացել, ինչից տուժում է քվեարկության մարզական բաղադրիչը: Դեռ հանրապետականների օրոք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարության որոշմամբ քվեարկության հնարավորություն տրվեց նաեւ մարզասեր հասարակությանը, ինչի արդյունքում որոշիչ դարձավ ոչ թե մրցաշրջանի ընթացքում մարզիկների արձանագրած արդյունքների ճիշտ գնահատումը, այլ այս կամ այն մարզիկի նկատմամբ ունեցած անձնական համակրանքը:

Հիմա երկրում իրավիճակ է փոխվել: Նոր փոփոխություն է կատարվել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կանոններում: Սակայն, միեւնույն է, լավագույն տասնյակին որոշելու հարցում արդարությունը էլի կաղալու է:

Ավելի լավ տարբերակ գտնելու հարցի շուրջ քննարկումներ միշտ էլ եղել են, սակայն առաջարկները ոչ բոլորի պահանջներն են բավարարել: Միշտ եղել են չհամաձայնողներ ու դժգոհներ: Սկզբունքային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցում չի ձեւավորվում: Օրինակ, ո՞րն է առաջնային՝ օլիմպիական մարզաձեւի Եվրոպայի չեմպիոնի՞ մեդալը, թե՞ ոչ օլիմպիական մարզաձեւի աշխարհի չեմպիոնի կամ մրցանակակրի: Կամ միեւնույն արդյունքի պարագայում նախապատվությունն ո՞ւմ տալ՝ հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներին, որոնք ավանդաբար հաջողություններ են արձանագրում, թե՞, պատմության մեջ առաջին անգամ նույնազոր մեդալ նվաճած հեծանվորդին, ջրացատկորդների զույգին, մարմնամարզիկին կամ դահուկորդին: Միարժեք պատասխան չկա: Ամեն մեկը  ուզում է վերմակն իր մարզաձեւի կողմը քաշել:

Խնդրահարույց հարցի լուծման իր տարբերակն է առաջարկում ԱԺ պատգամավորության թեկնածու, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: «Ինչի՞ համար էի ես դժգոհ անցած տարի լավագույն տասնյակի ընտրության կարգից: Եթե կա sms քվեարկություն, դա արդեն չի լինում մարզական արդյունքի տասնյակ: Դա համակրանքի տասնյակ է դառնում: Ես նույնիսկ մի օրինակ էի բերում: Եթե անցած տարի, երբ ես մարզական որեւէ լուրջ հաջողություն չէի արձանագրել, իմ թեկնածությունը դնեինք, իսկ դա կարող էինք անել, վստահաբար կարող եմ ասել՝ եթե ոչ 5-յակում, ապա 7-յակում կհայտնվեի: Դա բացարձակ սխալ կլիներ: Այսինքն, Արսեն Ջուլֆալակյանին կընտեին ոչ թե այդ տարվա կտրվածքով, այլ ուղղակի նրա անունը, թե ընդհանրապես ինչ է արել սպորտում: Այդպես եղավ անցած տարի, ակնկալում եմ՝ նույնը կլինի այս տարի: Պատկերացրեք, որքան սխալ կլինի, եթե, օրինակ, Սիմոն Մարտիրոսյանը առաջին հորիզոնականում չլինի: Բայց քվեարկության արդյունքում շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ պատահի, եթե մեկը շատ sms-ներով լցնի: Այդ դառը փորձը ունեցանք անցած տարի, ինչի հետեւանքով արժանի մարզիկներ՝ օլիմպիական մարզաձեւերից աշխարհի մրցանակակիրներ տասնյակում տեղ չգտան:

Իմ կարծիքը, իսկ ես հաշվի եմ առել դրսի փորձը, հետեւյալն է: Հենց մարզական լրագրողների, մարզիկների, մարզիչների, մասնագետների, պատկան մարմինների միջնորդությամբ սահմանվեր օլիմպիական մարզաձեւերի (դրանց մեջ էլ կան ըստ կարեւորության մարզաձեւեր) բալային համակարգ, եւ ըստ տարվա կտրվածքով արդյունքների ամեն մարզիկ ստանար միավոր: Վերջում մեր խնդիրը կլիներ այդ միավորները հաշվելը, այլ ոչ թե կգործեր այս մարզիկին սիրում եմ, մյուսին ոչ այնքան գործոնը: Հարկավոր է սանդղակ սահմանել, թե մարզիկը ինչ մեդալներ է նվաճել տվյալ տարի, ինչ առաջնություններ է հաղթել: Տեսեք, այսօր շատ բարդ է ֆուտբոլիստների, բասկետբոլիստների, եթե ունենանք այդպիսին, թիմային մարզաձեւերի խնդիրը: Ինչպե՞ս ընտրենք: Նույն Հենրիխ Մխիթարյանը միջազգային ասպարեզում հիասքանչ ելույթներ է ունենում, ինչպե՞ս գնահատենք նրա դրսի արածը եւ ազգային հավաքականում խաղը եւ միեւնույն ժամանակ ինչպե՞ս գնահատենք մարզիկին, որը Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն է դարձել: Դժվար է չէ՞, եթե չկա բալային համակարգ: Համակրանքով, հեղինակությամբ, ճանաչվածությամբ շատ պարզ է, որ եթե կա ֆուտբոլիստ եւ այլ մարզաձեւի ներկայացուցիչ, ֆուտբոլիստը ամենահայտնին, ամենապոպուլյարն է: Շաբաթը երկուսից երեք անգամ նրան հեռուստատեսությամբ ցույց են տալիս ամբողջ աշխարհում: Իսկ ըմբիշը, ծանրորդը, մնացած օլիմպիական մարզաձեւերի մարզիկները հեռուստաէկրանին տարվա մեջ ամենաշատը երկու անգամ են երեւում՝ աշխարհի առաջնությունում ու Եվրոպայի առաջնությունում, այն էլ, եթե հասել են եզրափակիչ: Իսկ Աստված չանի, եթե եզրափակչում պարտվես, ժողովրդի մեջ մնում է հիշողություն, որ դու պարտված մարզիկ ես: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ մինչեւ եզրափակիչ հասնելը հինգ-վեց մրցակցի ես հաղթել, որոնց մեջ նաեւ օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ են եղել: Թիմային խաղում այդպես չէ: Եթե անգամ թիմդ պարտվել է, սակայն դու լավ խաղ ես ցուցադրել, տրամադրվածությունը այլ է:

Իմ կարծիքը եղել ու մնում է հետեւյալը. պետք է սահմանվի բալային համակարգ, այդ թվում նաեւ միջազգային մրցաշարերի համար: Նաեւ պետք է բոնուսային միավորներ լինեն: Օրինակ, եթե մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն եւ ռեկորդ է սահմանել, կամ՝ դարձել է չեմպիոն եւ ճանաչվել լավագույն մարզիկ: Այս դեպքերում լրացուցիչ ի՞նչ միավորներ, ինչ բոնուս պետք է տրվի: Այս համակարգը ներդնելը շատ հեշտ է: Միայն պետք է մասնագետների ներգրավմամբ այդ չափորոշիչները սահմանվեն եւ տարվա վերջում հաշվեն միավորները», – ասաց Արսեն Ջուլֆալակյանը Aravot,am-ի հետ զրույցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31