«Հասարակության շրջանում մենք ունեինք ճանաչվածության խնդիր: Մյուս պատճառը՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր թիվը. մեր ընտրողը, իմ կարծիքով, ավելի ալարկոտ եղավ եւ չգնաց ընտրության: Ամեն դեպքում, ընտրությունները դրական եմ գնահատում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով փաստին, որ դեկտեմբերի իննին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում «Մենք» դաշինքը («Հանրապետություն»+«Ազատ Դեմոկրատներ») չհաղթահարեց անցողիկ շեմը, ասաց դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա նշեց. «Որոշ քաղաքական ուժերի հավաքած քվեների թվից ես զարմացած եմ: Չէի սպասում ուղղակի, դա ինձ համար տարօրինակ է, բայց չեմ էլ կարող ասել, որ ընտրությունները տեղի են ունեցել էական խախտումներով կամ գումար բաժանելով: Այս ընտրությունները զերծ էին մեծ խնդիրներից, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս եւ ԱԺ անցած ուժերին»:
Թեհմինա Վարդանյանն ընդգծեց, որ խորհրդարան անցած «Իմ քայլի» եւ «Լուսավոր Հայաստանի» շարքերում շատ ընկերներ ունի եւ գրեթե բոլորին ճանաչում է. «Ցավալի է, որ երեք քաղաքական ուժ անցավ, եւ ԱԺ-ն միատարր է: Կարծիքներ կհայտնեմ, երբ պատգամավորները մանդատները ստանան: Ինձ համար խնդիր է «Իմ քայլը» դաշինքի որոշ թեկնածուների ներգրավվածությունն ԱԺ-ում: Կան շատ լավ թեկնածուներ, որոնք արժանի են ԱԺ-ում լինել: Հուսամ՝ ԱԺ կանցնեն քաղաքականացված եւ գիտակ թեկնածուները»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2205196039801239/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ուրիշների պաստառների վրա Ձեր պաստառները փակցնելով էիք ուզում ճանաչելիություն ձեռք բերել։
Պետք չէր ուրիշների հաշվին ինքնահաստատվել։