Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել, Aysor.am-ին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։ Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։
Ռուսաստանի Դեսպանությունը արձագանքել էր մամուլի հրապարակումներին՝ դրանք անվանելով «չստուգված և չհաստատված»․ «Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»: