Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փորձեք մեզ ներքաշել մի բանավեճի մեջ, որից դուք հաստատ պարտվող եք դուրս գալու». Նաիրա Զոհրաբյանը`«Լուսավոր Հայաստանին»

Դեկտեմբեր 11,2018 15:39

«ԲՀԿ-ն մեկ բիզնեսմենից կախված կուսակցություն է»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց սոցապ նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

«Լուսավոր Հայաստանի» հետեւողական մտասեւեռումը ԲՀԿ-ի հանդեպ» ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի համար բացարձակապես հասկանալի չէ: Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց`առհասարակ նախընտրում է կանանց չպատասխանել, բայց այս պարագայում հարկ է համարում հիշեցնել`հետընտրական իր կոչում ԲՀԿ նախագահը շնորհավորեց խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ «Լուսավոր Հայաստանին» եւ կոչ արեց`բոլորով միասին, համախոհության սկզբունքով, սկսեն երկրում կարեւոր`բարեփոխումների փուլը:

«Ցավոք, որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ ինձ համար անհասկանալի վարքագիծ են դրսեւորում: Նախընտրական շրջանում եւ այժմ, «Լուսավոր Հայաստանը» զբաղված է հստակ թիրախավորելով ԲՀԿ-ին. ես ստիպված եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ տիկին Թանդիլյանը քաղաքականություն մտավ որպես «Դեմ եմ» շարժման լիդերներից մեկը: Հիշեցնեմ, թե նա ինչին էր դեմ. նա դեմ էր Հայաստանում կուտակային համակարգին, բայց, չգիտես ինչու, երբ տիկին Թանդիլյանը դարձավ սոցապ նախարար, եւ խորհրդարանում, եւ կառավարությունում նա պաշտպանեց կուտակային համակարգը: Հիմա ի՞նչ անուն տալ սրան`սկզբունքայնության պակա՞ս, թե՞ այլ բան: Ուստի, եւս մեկ անգամ, բարեկամաբար հորդորում եմ բոլորին. ես հասկանում եմ, որ ԲՀԿ-ի գոյությունը քաղաքական դաշտում ոմանց քաղաքական հաշիվները խառնել է, բայց քաղաքական ուժը պետք է ունենա այնքան խոհեմություն եւ այնքան զսպվածություն, որ իր ներքին էմոցիաները ամեն օր եւ ամեն ժամ չհանրայնացնի»:

Հարցին`արդյոք գործարարները, մասնավորաբար, Գագիկ Ծառուկյանը, պետք է լինեն նոր խորհրդարանում, ինչի մասին այժմ շատ է խոսվում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նախ`Գագիկ Ծառուկյանը ակտիվ գործարարությամբ չի զբաղվում, նա սեփականատեր է: Երկրորդ`նման տեսակետ հնչեցնողներին ես պատրաստ եմ նվիրել ՀՀ Սահմանադրությունը, թող Սահմանադրության մեջ ցույց տան մի կետ, որը արգելում է խոշոր սեփականատերերին`լինել խորհրդարանում: Ավելին, որպես եվրոպական խորհրդարաններում ակտիվ աշխատած պատգամավոր, վստահաբար կարող եմ ասել, որ հենց եվրոպական խորհրդարաններում գործարարությունից եկած օրենսդիրներն են, որ շատ լավ հասկանում են տնտեսությունը եւ շատ լավ հասկանում են տնտեսական ու հարկային օրենսդրությունը: Եվ պատահական չէ, որ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի առաջադրած նախընտրական ծրագրի առանցքը տնտեսական հեղափոխությունն էր, որը պետք է լինի քաղաքական հեղափոխության օրգանական շարունակությունը: Այնպես որ, հորդորս նորից մեկն է բոլորին`զբաղվեք ձեր գործերով, ձեր կուսակցության ներքին խնդիրներով եւ մի փորձեք մեզ ներքաշել մի բանավեճի մեջ, որից դուք հաստատ պարտվող եք դուրս գալու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31