Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել, նիստն ընդմիջվել է:
Aravot.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ այս պահին նիստը շարունակվում է. «Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է, շաքարը՝ 20.4: Այս պահին Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին»:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ