ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, «Միմիկայի եւ ժեստի թատրոնում», դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Ժեստերի տարածքում» խորագրով մրցութային թատերական առաջին փառատոնը։ Այս յուրօրինակ փառատոնին մասնակցում են ժեստերի լեզվով խոսող դերասաններ 4 երկրներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Մոնղոլիայից եւ Բելառուսից։ Հայաստանն այստեղ ներկայացնում է «Արտմիմիա» հավաքական թատերախումբը՝ մնջախաղաց Համլետ Չոբանյանի գլխավորությամբ։
Ավելի քան 200 մասնակիցներ համախմբող վեցօրյա փառատոնի նպատակը հատուկ կարիքներով մարդկանց ինքնարտահայտման հնարավորությունների ցուցադրումն է՝ ժեստերի եւ միմիկայի միջոցով։ Ինչպես նշեց փառատոնի կազմակերպիչ «Միմիկայի եւ ժեստի թատրոնի» ղեկավար Նիկոլայ Չաուշյանը, այն նաեւ հաշմանդամություն ունեցողների սոցիալական ինտեգրման լավագույն հարթակ է, որտեղ մշակութային մեկ միջավայրում ի մի են գալիս խոսող եւ «լուռ» դերասաններն ու հանդիսատեսը։
Փառատոնը բացվեց մոսկովյան թատրոնի «Դոն Ժուանի ամուսնությունը» ներկայացմամբ, որի դերասանները ե՛ւ խոսում, ե՛ւ պարում, ե՛ւ անգամ երգում էին ժեստերի լեզվով, ու այդ ամենը զուգակցվում էր համաժամանակյա ձայնային թարգմանությամբ եւ երաժշտությամբ։
Մնջախաղի ճանաչված ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին այս օրերին կորոշի հաղթողներին՝ մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն դերասան», «Լավագույն թատերախումբ», «Լավագույն ներկայացում» եւ այլն։
Հայաստանի «Արտմիմիա» թատերախումբը ելույթ կունենա դեկտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին։ Նրանց ու մյուս խմբերի ելույթներին, ի դեպ, այս օրերին կարելի է հետեւել փառատոնի կայքում, առցանց հեռարձակմամբ, հետեւյալ հղումով՝ http://www.festival.tmig.su/onlajn-transljacija/
Ի դեպ, «Ժեստերի տարածքում» փառատոնն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։