2019-ին ընթացք են ստանալու պեղման-ուսումնասիրման աշխատանքները Տիգրանակերտ հնավայրում: «Հուշարձանների վերականգնման և պահպանման ծրագրով» 2019 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 120 մլն դրամ՝ 2018 թվականի 100 մլն դրամի փոխարեն»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ 2019 թվականին մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձանների պահպանության գործընթացին:
«Իրականացվելու են աշխատանքներ՝ կապված բնապատմական արգելոցների ստեղծման ու դրանց համակողմանի ուսումնասիրության հետ, ինչպես նաև մեծ տեղ է հատկացվելու հուշարձանների հայտնաբերման և ուսումնասիրման գործին՝ իրականացնելով պեղման-հետազոտական մեծածավալ աշխատանքներ առանձին վերցված հուշարձաններում, որոնք բխում են ոչ միայն Արցախի պատմությունն ուսումնասիրելու և խթանելու գիտական նկատառումներից, այլև այս կամ այն հուշարձանի նախագծային և վերականգնման աշխատանքները լիարժեքորեն բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունից: Վերսկսվելու են հուշարձանների վկայագրման, մոնիթորինգի և պահպանական գոտիների կազմման աշխատանքները: Ընթացքավորվելու են նաև շարունակական բնույթ կրող պեղման-ուսումնասիրման աշխատանքները Տիգրանակերտ հնավայրում: 2019 թվականին կշարունակվեն նաև հուշարձանների վերականգնման, բարեկարգման և նախագծային աշխատանքները»,- ավելացրեց պարոն Հովհաննիսյանը
Նրա ձեւակերպմամբ, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին պետական աջակցության համար նախատեսված է հատկացնել 80 մլն 884 հազար դրամ՝ 2018 թվականի 82 միլիոն 907.1 հազար դրամի դիմաց: «Ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվելու են պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերների ամբողջական պահպանմանը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կմնան պատմամշակութային և բնապատմական արգելոցները, կշարունակվեն դրանց բարեկարգման աշխատանքները, կընդլայնվի այցելուներին մատուցվող ծառայությունների ցանկը»,- նշեց նախարարը:
Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ