Այս պահին Բագրատաշենում 450 ղեկը աջ ավտոմեքենա արգելքի պատճառով չի ներմուծվում Հայաստան, ինչի պատճառով ամեն օր գործարարները, անհատ քաղաքացիները ֆինանսական վնասներ են կրում: Այսօր այս մասին ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, վարչապետի, փոխվարչապետի օգնականների հետ նախաձեռնության անդամների հանդիպումները, ինչպես Տիգրան Գասպարյանն է ասում, արդյունք չեն տվել: Դեկտեմբերի 6-ին կառավարությունը որոշել է թույլատրել դրանց ներկրումը՝ պայմանով, որ ղեկը փոխվի ձախ: Սակայն նախաձեռնության անդամները համաձայն չեն այս որոշման հետ, քանի որ պնդում են, որ այդ մեքենաների մեջ կան այնպիսի մակնիշներ, որոնց ղեկի վերասարքավորումն՝ աջից ձախ, ուղղակի վտանգավոր է եւ անթույլատրելի:
Մանրամասները՝ տեսանյութում
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նախաձեռնության անդամները պատմեցին, որ նոյեմբերի 28-ին Նոյեմբերյանում հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ անձամբ ներկայացրել խնդիրը: Ի պատասխան, Փաշինյանը խոստացել է հարցն ուսումնասիրել, սակայն նշել է, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը հանելու դեպքում հանրապետությունում աջ ղեկով ավտոմեքենաների թիվը կգերազանցի ձախ ղեկով ավտոմեքենաներին, ինչը պետության համար ֆինանսական լուրջ խնդիրներ կառաջացնի, քանի որ ստիպված պետք է լինեն երթեւեկությունը փոխել:
Նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանի խոսքով, այս պահին խոսքն ընդամենը 800-1100 ավտոմեքենայի մասին է, որոնց մի մասն արդեն սահմանին կանգնած են, մյուս մասն էլ՝ ճանապարհին:
«Հայաստանում արդեն 40 հազար աջ ղեկով ավտոմեքենա կա եւ այդ 800-1100 մեքենան, չենք կարծում, որ վտանգ են առաջացնելու: Բացի այդ, մենք առաջարկել ենք, այդ մեքենաների մուտքը թույլատրել, որից հետո՝ արգելել: Մարդիկ մաքսատան պատին փակցված հայտարարությունից են տեղեկացել, որ հոկտեմբերի 1-ից արգելքը չի լինելու, եւ այդ պատճառով սկսել են ներկրել ու հետո միայն պարզել, որ կառավարության որոշումն ընդհանրապես արգելում է եւ հոկտեմբերի 1-ն ուժի մեջ չէ»:
Դավիթ Գասպարյանն ասաց, որ իրենց չի բավարարում կառավարության որոշումն այն մասին, որ ներկրեն եւ ղեկը փոխեն:
Նախաձեռնությունը պահանջում է վերանայել կառավարության որոշումը, որպեսզի քաղաքացիները վնասներ չկրեն: Նրա խոսքով, աջ ղեկով ավտոմեքենաների պահանջարկը մատչելի գնի մեջ է եւ ղեկը փոխելու դեպքում ե՜ւ մեքենայի արժեքն է բարձրանում ե՜ւ որակն է տուժում: Ըստ նախաձեռնության անդամների, միայն 700-ից 1500 դոլար կազմում է ղեկը փոխելը: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը թույլատրի արդեն գնված 800-1100 ավտոմեքենաները ներկրել, որից հետո նոր արգելքը սահմանել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ