«Փառահեղ», «հրաշալի», «ֆանտաստիկ»՝ այսպիսի ածականներ էր շռայլում հանդիսատեսը Վերդիի «Ռեքվիեմի» բեմադրությունից հետո, որը կայացավ դեկտեմբերի 6-ին և 7-ին Ալ․Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այն նվիրված էր 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին՝ 3D ձևաչափով տեսաշարի վերջին կադրերն էին աղետի գոտու տեսարանները։
Պատվո հյուրերի թվում էին ՀՀ-ում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող դեսպան Շոմբի Շարփը և Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան։
Դեսպանները մեր կարճատև զրույցում նախ արտահայտեցին իրենց հարգանքի տուրքը ավերիչ երկրաշարժի բյուրավոր զոհերի հիշատակին, ցանկանալով մեր երկրին և ժողովրդին միայն լուսավոր օրեր, հետո էլ գնահատանքի խոսքեր ասացին ներկայացման հեղինակների, և առաջին հերթին՝ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հասցեին։
Առաջին անգամ Հայաստանում իտալացի աշխարհահռչակ բեմադրող ռեժիսոր Պաոլո Միչիկեն ներկայացրեց Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը» անցած տարվա սեպտեմբերին, կոչելով բեմականացումը «Ահեղ դատաստան»։
Հիշեցնենք, թե ինչո՞ւ Միչիկեն ընտրեց այս անվանումը։
Իր իսկ խոսքերով, Վերդիի «Մեսա դը Ռեքվիեմը», որ գրված է եղել որպես պատարագ ի հիշատակ ոմն Մանզոնիի՝ եկեղեցում կատարելու համար, տարիների ընթացքում վերափոխվել է համերգային ստեղծագործության, ավելի ճիշտ կլիներ ասել, որ այն գտնվում է համերգի և օպերայի միջև։
Եվ, ավելացնելով այս «օպերանման» համերգին ժամանակակից տեխնոլոգիաներ՝ հիմնված մուլտիմեդիայի վրա, ստացվեց այն, ինչն ինքը՝ բեմադրիչը կոչեց «տեսողական օրատորիա»։
Իսկ տեսաշարը հիմնված է մեծն Միքելանջելոյի՝ Հռոմի Սիքստինյան մատուռի որմնանկարների վրա, այսպիսով ներկայացնելով Մարդու, իր ողջ մարմնով (որի կերպարը, ըստ Միչիկեի, գտնվում է իտալացի երկու հանճարների արվեստի կենտրոնում) ճակատագիրը Ահեղ դատաստանի օրը։
Առաջին օրը փայլեցին անզուգական սոպրանո Սիրանուշ Գասպարյանը (որի առաջին/հիմնական երաժշտական մասնագիտությունն եղել է դաշնամուրը, և որն օպերային երգչուհի է դարձել համեմատաբար վերջերս՝ իր հետ հարցազրույցը կարդացեք հաջորդիվ), ՀՀ վաստակավոր արտիստներ Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Սարգիս Աղամալյանը (տենոր), իսկ մյուս օրը՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանը, Հովհաննես Այվազյանը, բազմամյա շնորհալի մեներգիչ Հայկ Տիգրանյանը և հրավիրյալ գերաստղ, արմատներով հույն, մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը ԱՄՆ-ից (որը, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի տեղեկացմամբ, իր հետ բերել է երգեցողության հայտնի ուսուցչի՝ համաշխարհային աստղերի հետ աշխատող ամերիկացի Դեյլ Ֆանդլինգին՝ մեր մենակատարներին վարպետության դասեր տալու համար)։
Ներկայացման ավարտին, շնորհակալություն հայտնելով Պաոլո Միչիկեին պատճառած հաճույքի համար, նրան հարց ուղղեցինք, թե արդյոք կարելի՞ է այս բեմականացումը ևս համարել առաջնախաղ՝ պրեմիերա։ Պատասխանը հետևյալն էր․ «Այո՛, որովհետև այս անգամ կար յուրահատուկ մոտիվացիա՝ երկրաշարժի երեսուներորդ տարելիցը․․․»
Հաջողվեց զրուցել նաև Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ, որը երկու օրն էլ անձամբ դիրիժորի վահանակի մոտ էր։
-Մաեստրո, գո՞հ եք արդյոք ներկայացումից։
-Առաջին հերթին գոհ պիտի լինի Նորին Գերազանցություն Հանդիսատեսը․․․Դե երևի տեսա՛ք, թե որքան ժամանակ չէին թողնում կատարողներին․․․
-Ահագին՝ մի քսան-քսանհինգ րոպե․․․
– Իսկ եթե լուրջ, ապա շատ գոհ եմ մերոնց կատարումներից, բոլորից՝ սկսած տեխնիկական աշխատողներից մինչև մենակատարներ և նվագախմբի երաժիշտներ։
– Վերջերս Դուք Սանկտ-Պետերբուրգում էիք՝ մեր թատրոնի մենակատար Լիպարիտ Ավետիսյանի հետ միասին։ Ի՞նչն էր առիթը։
– Կոնստանտինյան պալատում համատեղ համերգ տվեցին Լիպարիտ Ավետիսյանը և Մեծ թատրոնի մեներգչուհի Դինարա Ալիեվան, որի հետ Լիպարիտ հաճախ հանդես է գալիս թե՛ «Բոլշոյի» բեմում, և թե՛ արտերկրում։ Ծրագրում էին մեներգեր և զուգերգեր՝ Չայկովսկի, Վերդի, Պուչչինի․․․Լիպարիտը հանճարեղ կերպով երգեց Լենսկու մեներգը՝ «Եվգենի Օնեգին» օպերայից, ես այդպիսի կատարում չէի լսել․․․
Եղան զուգերգեր «Բոհեմից», «Տրավիատայից», վերջում, ինչպես միշտ, «Brindisi»-ն («Խնջույքի երգը») «Տրավիատայից»՝ ի պահանջ «բիս»-ի․․․
Եղան նաև այլ կատարումներ, Ձեր խոնարհ ծառայի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց տարբեր նախերգանքներ։
– Եթե չեմ սխալվում, հետո Դուք Նյու-Յորքում էիք․․․
– Այո՛, այնտեղ մասնակցեցի երկրորդ տարին անցկացվող Premiere Opera Foundation International Vocal Competition մրցույթի ժյուրիի աշխատանքներին։
Ժյուրիի կազմում էին այնպիսի ականավոր երաժիշտներ, ինչպիսիք են դիրիժոր Ռոբերտ Բոնինգը, սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին, այլք․․․Երեք օրում լսեցինք հիսուն կատարողի, և գլխավոր մրցանակը շահեց ճապոնացի երգիչ Տակաոկի Օնիշին, ընդհանրապես, այս տարի բավականաչափ կատարողներ կային արևելյան երկրներից։
Եվ․․․այս նույն կատարողն արժանացավ նաև մեծն Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի դրամաշնորհին, որը նա ստացավ ժյուրիի անդամ Դմիտրիի այրի Ֆլորանս Խվորոստովսկայից․․․
Եվ վերջին լուրը մաեստրո Օրբելյանից․«Դելոս» ընկերության թողարկած Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը առաջադրվել է 2019 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում: Մասնակիցներ՝ Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախումբ, Կաունասի պետական երգչախումբ, դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան, գլխավոր դերերգիչ՝ մեծն Դմիտրի Խվորոստովսկի, նաև՝ Նադին Սյերա, Ֆրանչեսկո Դեմուրո, Անդրեա Մաստրոնի, Կոստաս Սմորիգինաս, Օքսանա Վոլկովա և այլք:
Մաեստրո Օրբելյանը պատմեց իրեն Երևան զանգահարած Նյու-Յորքում ՏԱՍՍ-ի թղթակցին․
«Երբ 2015 թ. Դմիտրին իմացավ, որ հիվանդ է, նա ասաց ինձ. «Ես պետք է անեմ երկու բան․ ձայնագրեմ «Ռիգոլետտո»-ն և Սվիրիդովի «Մեկնած Ռուսաստան»-ը։
Եվ 2016 թ. հուլիսին Կաունաս նվագախումբը, որի դիրիժորն եմ ես անցկացնել, զարմանահրաշ կատարողների հետ` ներկայիս գերաստղ, Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի մենակատար Նադին Սյերան, հրաշալի տենոր Ֆրանչեսկո Դեմուրոն եւ ուրիշների հետ մենք ձայնագրեցինք օպերան»․․․
Նրա երազանքն իրականացավ, մենք արեցինք այդ ձայնասկավառակը, որը լույս տեսավ նրա մահվան օրը նախորդ տարի․․. Իհարկե՛, Դմիտրին չտեսավ այն իր վերջնական տեսքով, բայց նա լսեց վերջին մոնտաժները, և շատ հավանեց: Նա արեց հնարավորը և անհնարինը, չէ որ նա իսկական մարտիկ էր․․․»:
Օրբելյանի խոսքերով, Խվորոստովսկին արժանի է «Գրեմմի» մրցանակին, սակայն նույնիսկ այն փաստը, որ Ձայնագրման ամերիկյան ակադեմիան, որը շնորհում է մրցանակը, ուշադրություն դարձրեց Դմիտրիին, այս ձայնագրությանը, արդեն իսկ մեծ հաղթանակ է:
«Երաժշտության և ձայնագրությունների այս ծովում նրանք նկատեցին, լսեցին, տեսան, գնահատեցին «Ռիգոլետտոյի» ձայնագրությունը, և ես երջանիկ եմ», – ասաց նա:
Դիրիժորը նշել է, որ շատ հաճելի անակնկալ էր իրենց համար, որ Սվիրիդովի քիչ հայտնի գործն ևս ներկայացվեց «Գրեմմի» մրցանակին՝ Խվորոստովսկու հուղարկավորության օրը:
Օրբելյանի խոսքերով, դեկտեմբերի 13-ին Կաունասում կկայանա Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգ: «Դա կլինի համերգ այն նույն նվագախմբի, նույն կատարողների մասնակցությամբ, որոնց հետ մենք ձայնագրեցինք «Ռիգոլետտոն», – նրանք իսկապես ցանկացան անել մի համերգ` ի հիշատակ Խվորոստովսկու, – ասել է Օրբելյանը, – և դա շատ գեղեցիկ է, հուզիչ»:
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ