«Ստեփանավանում, Նորքում կան տեղամասեր, որտեղ 100-ից ավելի ձայն են հաշվել մեր վստահված անձինք, բայց ԿԸՀ-ն երեք ձայն է հայտարարել»,- Aravot.am-ի հետ զրույցում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով իր վերապահումները ներկայացրեց Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջին եռյակում ընդգրկված Մարիամ Մանուկյանը: «Ես ենթադրում եմ, որ այլ բան է տեղի ունեցել. կուսակցության անունը չեմ ուզում տալ, բայց մեր ձայները գնացել են իրենց, քանի որ ընտրողների մասնակցության թիվ էր հրապարակվել»,- ասաց մեր զրուցակիցը:
Ընտրությունների օրը պարզվեց, որ կուսակցության վարկանիշային թեկնածուների հետ խնդիր է առաջացել. ԿԸՀ-ի կայքում հրապարակված նրանց համարները չէին համընկնում քվեաթերթիկի վրա հրապարակված համարների հետ: ԿԸՀ-ից հետո պարզաբանել էին, որ այդ փոփոխությունների մասին իրենք տեղեկացրել են կուսակցությանը, վերջիններս պետք է իրազեկեին իրենց թեկնածուներին: «ԿԸՀ-ի սխալն էր, կայքում հրապարակել էին, մարդիկ հիմք էին ընդունել ու առաջ էին շարժվել»,- ասաց Մարիամ Մանուկյանը` ԿԸՀ-ի պարզաբանման մասով հավելելով. «Բանավոր ինչ-որ մեկին ասելը հի՞մք է, թող փոխեին պաշտոնականը»:
«1 ժամում 300 տեղամասում 0, 48 տոկոս ենք ստացել, որից հետո աճ չկար, մինչեւ հաշվարկի ավարտը ընդամենը 0, 28 տոկոս ավելացավ, ինչը տրամաբանությունից ու մաթեմատիկական հաշվարկից դուրս է»,- իր վերապահումները բարձրաձայնեց մեր զրուցակիցը` հավելելով. «Պատվիրատուներն են փոխվել, այլ բան չի փոխվել»: Այս ամենով հանդերձ, ինքը կողմ է, որ չբողոքարկեն ընտրությունների արդյունքները, քանի որ նախկինի դառը փորձը ցույց է տալիս, որ դա ժամանակի ու նյարդերի կորուստ է ընդամենը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ