Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

Դեկտեմբեր 11,2018 13:02

Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին:

Գրառման մեջ ասվում է.

«Օրեր առաջ Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել հերթական փոքր ՀԷԿ-ը, որտեղ մշտական աշխատանքի ընդունվեցին 23 երիտասարդներ՝ Մարտակերտի շրջանի Հաթերք և Գետավան համայնքներից: Ասել է թե՝ կայուն եկամտով ապահովվեցին ևս 23 երիտասարդ ընտանիքներ, ովքեր շարունակելու են շենացնել մեր երկիրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դառնալով նրա հուսալի պաշտպանները…

Հայրենակիցնե ՛ր, գրառումս պարզապես լավ նորության փոխանցում չէ, այլ բովանդակում է իմ տեսլականը Արցախի զարգացման վերաբերյալ: Իմ աշխատանքի ընթացքում միշտ առաջնորդվել եմ այն համոզմունքով, որ գեղեցիկ ու շռայլ խոսքերով և խոստումներով երբեք հնարավոր չէ բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը կամ հայրենիքը դարձնել ուժեղ և պաշտպանված: Եվ հազար փառք մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր երկիրը փոխելու համար գերադասում են «ճամփա շինել… »:

Բայց քանի որ կրկին անդրադարձա հեդրոէներգետիկային, ուզում եմ ձեզ հետ կիսվել նաև այս ուղղությամբ իրականացվող մեր պետական քաղաքականությամբ և, ընդհանրապես, կանաչ էներգիայի վերաբերյալ աշխարհում գոյություն ունեցող միտումներով: Առիթ եմ ունեցել նշելու, որ եվրոպական երկրները ներկայում հստակ քաղաքականություն են իրականացնում առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում աստիճանաբար ածխաջրածնային շարժիչային վառելիքներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հրաժարվելու նպատակով և որպես այլընտրանք՝ տարեցտարի մեծացնում են կանաչ էներգիայի արտադրության ծավալները: Գնահատելով այս առումով մեր երկրի ունեցած էներգետիկ ներուժը՝ շաբաթներ առաջ հայտարարել եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մինչև 1 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն կունենանք: Եվ դա պետք է անենք ոչ միայն էլեկտրաէներգիայի ավելցուկը արտահանելու, այլև ածխաջրածնային շարժիչային վառելիքներից ամբողջությամբ հրաժարվելու նպատակով: Եվ այսօր ուզում եմ հայտարարել, որ առաջիկա մոտ երեք տասնամյակների ընթացքում մեր երկիրը ևս լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ), և տրանսպորտային միջոցները կշահագործվեն միայն էլեկտրաէներգիայով: Ու դրան հասնելու համար պետք է հավատ և վստահություն, ինչպես եղավ Արցախը էներգետիկ առումով ինքնաբավ դարձնելու ծրագիրն իրագործելիս: (Տասը տարի առաջ էլ թերահավատների պակաս չկար…):

Արդյունքում մենք կախված չենք լինի դրսի էներգակիրներից, և միջազգային շուկայում պարբերաբար արձանագրվող նավթի և գազի գների տատանումները բացասաբար չեն ազդի մեր բնակչության և տնտեսության ֆինանսական ռեսուրսների վրա:

Ի դեպ, տեղին եմ համարում խոսել նաև մի մտահոգության մասին, որը կապված է մեր երկրում հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ՝ բնապահպանական հնարավոր խնդիրների հետ: Այստեղ, միանշանակ, անհրաժեշտ է լինել անզիջում և խնդիրները կանխարգելել կամ նվազագույնի հասցնել՝ մեծացնելով վերահսկողական մեխանիզմները: Մարդկային գործոնի ազդեցությունը սեփական բնաշխարհի և բարիքների նկատմամբ պետք է պայմանավորված լինի ոչ միայն քաղվող արդյունքով, այլ նաև այն իրողությամբ, թե ինչպիսի երկիր ենք ժառանգություն թողնելու մեր սերունդներին»:

 

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/261906581173389/?type=3&theater

 

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31