Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարան անցան այն ուժերը, որոնք չեն դառնա ընդդիմություն». Արա Պապյան

Դեկտեմբեր 10,2018 21:50

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի դիտարկմամբ, խորհրդարանական ընտրություններն ազատ ու թափանցիկ էին, բայց ոչ արդար:

«Վարկանիշային ընտրակարգը թույլ չէր տալիս արդար ընտրություններ, որովհետեւ ոչ թե ծրագրերի ու գաղափարների պայքար էր, այլ նյութական հնարավորությունների»,- Aravot.am-ին ասաց Արա Պապյանը:

Մեր հարցին, «Սասնա ծռերի» պարտությունը նյութական հնարավորություններո՞վ էր պայմանավորված, Արա Պապյանը պատասխանեց. «Ես չէի ասի «Սասնա ծռերի» պարտություն, կասեի «Սասնա ծռերի» որոշակի հաջողություն: «Սասնա ծռերը», չունենալով որեւէ աջակցություն, եւ այն պարագայում, երբ «Սասնա ծռերի» դեմ մի մեծ երկիր էր գործում, 23.000 ձայն է ստացել, ինչը լավ ցուցանիշ է: «Սասնա ծռերի»՝ խորհրդարան չանցնելը պայմանավորված էր այն մտքերի թարմությամբ , նորությամբ, որոնք հասարակությունը դեռ պատրաստ չէ ընկալել»:

Մեր դիտարկմանը, թե «Սասնա ծռերից» շատերը, հակառակը պնդում էին, որ մեծ աջակցություն են վայելում ժողովրդի կողմից, Վարուժան Ավետիսյանն էլ վստահեցնում էր, որ BBC-ն հարցում էր կատարել և չէր գտել մի քաղաքացի, որ դատապարտեր «Սասնա ծռերի» արարքը, Արա Պապյանը նկատեց, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը պետք չէ խառնել «Սասնա ծռեր» խմբի հետ, ըստ նրա, դրանք տարբեր կառույցներ են. «Շատ մարդիկ կային, որոնք համակրանք ունեին «Սասնա ծռերի» հանդեպ, բայց քվեն տալիս էին տարբեր կուսակցությունների՝ ելնելով տարբեր շարժառիթներից»:

Արա Պապյանի կարծիքով, խորհրդարան անցնելու համար «Սասնա ծռերին» խոչընդոտեցին նաեւ իրենց հասցեին տարածվող զրպարտությունները, թե իրենք ահաբեկիչ են. «Դա խանգարող հանգամանք է, բայց պետք է հստակ ասել, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչ չէին, որովհետեւ նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը նման մեղադրանք չէր ներկայացրել: Նույնիսկ այն մարդիկ, որոնք լուրեր էին տարածում ահաբեկիչ լինելու մասին, ավելի կեղծ էին, քան Սերժ Սարգսյանի ռեժիմը: Ինչ վերաբերում է երեք զոհին, երկուսը որեւէ կապ չունեն «Սասնա ծռերի» հետ, համարեք դա ապացուցված ու դատարանում կապացուցվի, որ նրանք սպանվել են հենց այն ուժերի կողմից, որ «Սասնա ծռերի» վրա գցեն, իսկ առաջին գնդապետը սպանվել է փոխհրաձգության ժամանակ: Բայց կարեւոր հարց կա, «Սասնա ծռերի» նպատակը չի եղել ահաբեկելն ու որեւէ մեկին սպանելը, նպատակը ապստամբությունն է եղել»:

Նա նաեւ չհամաձայնեց, թե խորհրդարան անցան հեղափոխության աջակից ուժերը. «Հեղափոխության աջակից ում նկատի ունեք՝ Գագիկ Ծառուկյանի՞ն: Չեմ կարծում՝ ԲՀԿ-ն երբեւէ եղել է հեղափոխության աջակից, ուրիշ բան, որ հարմար պահին կոալիցիայից դուրս է եկել: ԲՀԿ-ն եղել է մշտապես նախկին բռնապետական ռեժիմի հենասյուներից մեկը, ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին»՝ բավականին ուշ է միացել այդ շարժմանը ու դատապարտել է հեղափոխությունը. ընդհակառակը՝ ես կասեի՝ շատ հեղափոխական ուժեր դուրս են մնացել խորհրդարանից: Խորհրդարան անցան այն ուժերը, որոնք չեն դառնա ընդդիմություն՝ ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ «Լուսավոր Հայաստանը» ընդդիմություն չեն լինելու, իրենք կարող են մեղմ քննադատել, բայց հաստատ ընդդիմություն չեն լինի: Բայց ափսոս, որովհետեւ, ի վերջո, ինչ-որ ուժեր պետք է լինեին, որ խորհրդարանում հնչեցնեին ժողովրդի բողոքի ձայնը, եթե խորհրդարանում չեն հնչեցնելու, տեսնենք՝ որտեղ են հնչեցնելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31