Լրահոս
Օրվա լրահոսը

«1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ այլ լոզունգներով եկավ, բայց այլ քաղաքականություն վարեց». Ալեքսանդր Կռիլով

Դեկտեմբեր 10,2018 18:14

Ռուս քաղաքագետներ Ալեքսանդր Կռիլովի եւ Անդրեյ Արեշեւի կարծիքով, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններում արմատական փոփոխություններ չպետք է ակնկալել: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած տեսակամուրջի ժամանակ քաղաքագետները նկատեցին`հայ-ռուսական հարաբերությունները ձեւավորվել են ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հարթությունում եւ այդ հարթությունում են: «Խնդիրները շատ են, բայց նաեւ հնարավորություններ շատ կան»,- կարծում է Ալեքսանդր Կռիլովը:

Ռուս քաղաքագետները դրական են գնահատում ՀՀ նոր իշխանությունների առաջին քայլերը` Սիրիա հայկական զորամիավորման մեկնելու որոշումը, ամերիկյան ներդրումներով Հայաստանում կառուցված բիոլաբորատորիաներում`ռուս մասնագետների աշխատանքի երաշխիքը: Ալեքսեյ Կռիլովն առանձնացնում է նաեւ հայկական մամուլի`ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխությունը: Ասում է`նախկին իշխանությունների շրջանում հայկական մամուլի վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ բացասական էր: Քաղաքագետները կարծում են, որ այս զարգացումները չհաստատեցին Հայաստանում գունավոր հեղափոխության մասին ռուսական մտավախությունները եւ ցույց տվեցին, որ Հայաստանը չի գնալու Վրաստանի եւ Ուկրաինայի ճանապարհով:

Ալեքսեյ Կռիլովն անգամ հիշեց`1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ երբ եկավ քաղաքականության, այլ լոզունգներ էր բարձրաձայնում, բայց հետագայում այլ քաղաքականություն վարեց: Հիմա, իրենք կարծում են, որ կարելի է հույս ունենալ, որ Հայաստանի իշխանություններն ավելի ամուր կկանգնեն իրենց ազգային շահերին: Կարեւոր են համարում, որ առաջիկա ամիսներին լուծվեն խնդրահարույց հարցերը`ՀԱՊԿ քարտուղարության եւ առհասարակ ՀԱՊԿ-ի ներսում առկա, որոնք կբարձրացնեն կառույցի հեղինակությունը:

Aravot.am-ի հստակեցնող հարցին`իրենց կարծիքով Նիկոլ Փաշինյանն առավել պրոռուսակա՞ն քաղաքականություն է սկսել վարել, քան վարում էր Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը, Ալեքսեյ Կռիլովը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը պրոհայկական գործիչ է»: Ըստ նրա, որ Հայաստանը Ուկրաինայի կամ Վրաստանի ճանապարհով չգնաց, չընտրեց միավեկտոր քաղաքականություն, դա պրոռուսական կամ հակառուսական լինելու արդյունք չէ, այլ նրա, որ Հայաստանը սեփական շահերով պետք է առաջնորդվի: Նա նկատում է`ՀՀ-ն եւ ՌԴ-ն անկախ պետություններ են, ռազմավարական հարցերում, հատկապես պաշտպանական, համընկնումները շատ են, բայց իբրեւ անկախ պետություններ նաեւ տարբեր հետաքրքրություններ ունեն: Այս համատեքստում, քաղաքագետը նկատում է, որ ՌԴ-ն չի կարող Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այնպիսի քաղաքականություն վարել, ինչպիսին Հայաստանն է վարում, քանի որ «Թուրքական հոսքը», տնտեսական տարբեր հարցերը, Սեւ ծովում իրավիճակը եւ այլն, ՌԴ-ի համար կյանքի կարեւորություն ունեցող հետաքրքրություններ են: Բայց, ըստ նրա, դա չի նշանակում, որ ՌԴ-Թուրքիա հարաբերություններն ի վնաս ՀՀ-ՌԴ հարաբերությունների պետք է լինեն:

Անդրեյ Արեշեւն էլ հավելեց`Նիկոլ Փաշինյանը հայաստանյան քաղաքական կյանքում «հետխորհրդային վետերաններից է» եւ շատ լավ գիտակցում է Հայաստանի հետխորհրդային կյանքի քաղաքական իրողությունները, որոնք պաշտպանական, ռազմական ոլորտում եւ էապես ու մեծապես նաեւ տնտեսական ոլորտում, չեն կարող շրջանցել ՌԴ-ն: «Խնդիրներ, իհարկե, կան, բայց ես կարծում եմ, որ բանավեճերը կծառայեն մեր հասուն հետաքրքրություններին: Հայաստանում չկա իրավիճակ, երբ տեղական վերնախավերն այլ, ավելի հարմար ապրանք չգտնեն, եւ վաճառքի հանեն իրենց ռուսոֆոբիան: Հայաստանում այդպես չի եղել եւ չի կարող լինել: Խոսքը գնում է ազգային շահերի պաշտպանության մասին`Հայաստանում առկա արտաքին վտանգների համատեքստում»,- ասաց Անդրեյ Արեշեւը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31