«Շատ ընտրատեղամասեր գտնվել են երկրորդ հարկերում, ինչի պատճառով հաշմանդամություն ունեցողները գրեթե չեն եկել քվեարկելու: Որոշ մարդկանց էլ ֆիզիկապես դժվար է եղել իրացնել ընտրական իրավունքը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ասաց Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Լեվիչեւը (լուսանկարում):
Նա համոզմունք հայտնեց. «Ընտրությունների արդյունքները հավաստի, են, ուստի շնորհավորում եմ հայ ժողովրդին»: Նիկոլայ Լեվիչեւը նաեւ նկատեց՝ հայերը վստահող ժողովուրդ են, բայց քսան ընտրատեղամասերից միայն մեկում է հանձնաժողովի նախագահն իրենից պահանջել դիտորդական առաքելության հավատարմաքարտից բացի նաեւ անձնագիր ներկայացնել:
ԱՊՀ դիտորդական առաքելության անդամների անունից առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին էլ հայտարարեց. «Քվեարկությունն անցել է հանգիստ միջավայրում՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Մենք գրանցել ենք առանձին խախտումներ, որոնք, մեր կարծիքով, չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ձայների հաշվարկը եւս իրականացվել է օրենսդրությանը համապատասխան՝ թափանցիկ կերպով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ