«Չեմ կարող գնահատել՝ դա դրակա՞ն ցուցանիշ է, թե բացասական, բայց պետք է ուշադրություն դարձնել նաեւ նախորդ՝ 2017թ. ԱԺ ընտրությունների մասնակցության ցուցանիշին: Ըստ այդմ, այս ընտրություններում մասնակցության ցուցանիշը 11%-ով ցածր է նախորդից»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկումներին, թե երեկ կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում հանրության մասնակցության մակարդակը ցածր էր, ասաց «Ընտրությունները դիտարկող եվրոպական ցանց»(ENEMO) դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դավիդ Կանկիյան:
Նրա խոսքով՝ վերոնշյալից առաջնահերթ կարելի է հետեւություն անել, որ ցուցանիշների տարբերությունը կապված է տեխնոլոգիաների կիրառության փոփոխությունների հետ. «Նկատի ունեմ՝ վարչական ռեսուրսի օգտագործումը, ձայների գնումը, որոնք արձանագրվել էին նախորդ ընտրություններում: Հիմա նման հաղորդումներ մենք գրեթե չենք ստացել, ի տարբերություն նախորդ ընտրությունների»:
Բացի այդ, ըստ Դավիդ Կանկիյայի, մասնակցության ցածր ցուցանիշը կապված է նաեւ այն փաստի հետ, որ մարդիկ մեծամասամբ նախապես վստահ են եղել, թե ընտրություններում ինչ արդյունքներ են գրանցվելու, ուստի շահագրգռված չեն եղել տեղամասեր գնալ: «Մենք քարոզարշավը մրցակցային ենք համարում: Քաղաքական ուժերն ունեցել են հավասար հնարավորություններ՝ իրենց ծրագրերը ներկայացնելու համար: Այս ընտրությունների խնդիրն այն էր, որ նախապատրաստական ժամանակահատվածը կարճ էր: Գուցե որեւէ քաղաքական ուժի համար քարոզարշավի 12 օրը բավարար չէր՝ իր նախընտրական ծրագիրն ընտրողներին հասցնելու համար»,-եզրափակեց միջազգային դիտորդը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ