Քարոզարշավի ժամանակ Aravot.am-ը «Իմ քայլը» կուսակցության համամասնական ցուցակի 57-րդ համար, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանից հետաքրքրվել էր, թե ընտրություններից հետո ձեւավորվելիք նոր կառավարությունում նախատեսվող օպտիմալացման արդյունքում ի՞նչ է սպասվելու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:
Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել էր. «Վարչապետն այդպիսի հայտարարություն արել է, բայց վերջնական չի, թե ինչ նախարարություններ են կրճատվելու կամ միավորվելու եւ ինչ տեսքով: Ես ինքս կփորձեմ խորանալ այդ ամբողջ գործընթացի մեջ: Ընտրություններից հետո պետք է հանդիպում կազմակերպենք բոլոր գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկենք, հասկանանք՝ ինչ է առաջարկում վարչապետը, ինչ ենք առաջարկում մենք՝ բնագավառների ներկայացուցիչներս, եւ գանք ընդհանուր հայտարարի:
Այն, որ այսօր հաստիքներն ուռճացված են, բոլորիս համար էլ գաղտնիք չէ: Ինչ վերաբերում է սպորտին, տարբեր ձևաչափերով քննարկում ենք: Բայց քանի որ վերջնական որոշում չկա, չէի ուզենա այդ մասին խոսել:
Ես գտնում եմ, որ սպորտի նախարարությունը կարեւոր նախարարություններից է, որ շատ մեծ հռչակ է բերում Հայաստանին եւ շատ կարեւոր է, որ անկախ մնա: Սակայն գտնում եմ, որ նախարարությունում շատ լուրջ փոփոխությունների եւ բարեփոխումների կարիք կա: Սա մեկ այլ նախարարությանը միացնել չի ենթադրում, բայց ենթադրում է կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխություններ: Նախարարությունը պետք է լինի շատ պրոֆեսիոնալ եւ ունենա օպտիմալ քանակությամբ աշխատողներ: Չպետք է լինի մեկ գործի վրա, ասենք, երեք հաստիք գրանցել: Պետք է սովորենք ճիշտ քանակով մաքսիմում արդյունավետ որակ տալ, ինչը նախարարությունում դեռեւս բացակայում է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ