Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մտահոգությունների տեղիք են տալիս համացանցում բորբոքիչ հռետորաբանության դեպքերը. միջազգային դիտորդների զեկույցը

Դեկտեմբեր 10,2018 17:23

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հիմնարար ազատություններին համապատասխան և վայելել են հանրային մեծ վստահություն, որը պետք է պահպանվի հետագա ընտրական բարեփոխումների միջոցով: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի, Եվրախորհրդի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցում:

Բաց քաղաքական բանավեճերը, այդ թվում մամուլում, նպաստել են ակտիվ քարոզարշավին, չնայած մտահոգությունների տեղիք են տալիս համացանցում բորբոքիչ հռետորաբանության դեպքերը: Ընտրակեղծիքների բացակայությունը, ինչպիսիք են ձայների գնումը կամ ընտրողների վրա ճնշումները, թույլ են տվել իրական մրցակցություն: Ընտրական քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորումների, հաշվետվողականության և թափանցիկության բացակայության պատճառով: Չնայած կարճ ժամանակահատվածին՝ ընտրությունները լավ կազմակերպված էին: Քվեարկության օրն անցել է հանգիստ և խաղաղ բոլոր փուլերում, միջազգային երկարաժամկետ բոլոր դիտորդները դրական են գնահատել այն՝ նկատելով, որ ընթացակարգերը, ընդհանուր առմամբ, պահպանվել են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր աշխատանքը կատարել է պրոֆեսիոնալ և թափանցիկ՝ չնայած կարճ ժամանակահատվածին: ԿԸՀ-ն և տարածքային ընտրական հանձնաժողովները ընդհանուր վստահություն են վայելել և անցկացրել են բաց նիստեր: ԿԸՀ-ն իրականացրել է ընտրողների իրազեկվածության բարձրացմանն ուղղված ամբողջական արշավ՝ քաջալերելով գնալ քվեարկության, բացատրելով ընտրական գործընթացները և զգուշացնելով ընտրակաշառքների հետևանքները:

Վարչական ռեսուրսների չարաշահումը և պետական աշխատողների վրա ճնշումները կանխելու նպատակով իշխանությունները տեղական պաշտոնյաներին, դպրոցների տնօրեններին, առողջապահության աշխատակիցներին տեղեկացրել են համապատասխան արգելքների մասին: Առաքելության զրուցակիցները չեն հայտնել կազմակերպված ձայների գնման և ընտրախախտումների մասին: Այնուամենայնիվ, ոմանք հայտնել են, որ մեկ քաղաքական ուժի կողմից կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր են կնքվել քարոզարշավի որոշ մասնակիցների հետ, ամենայն հավանականությամբ նրանց ձայները գնելու նպատակով:

Քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել իրականացնել ազատ քարոզարշավ. քարոզարշավի ընթացքում լիարժեք պահպանվել է հավաքների և ցույցերի հիմնարար ազատությունները: Քարոզարշավի պաշտոնական ժամանակը շատ կարճ էր, չնայած քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչը օրենքով արգելված չէ:

Մեդիա միջավայրը բազմաբնույթ է և առկա է Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատությունը: Քաղաքական տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է, չնայած նշանակալի է նաև առցանց մեդիայի և սոցցանցերի դերակատարությունը: Մեդիա մշտադիտարկումը ցույց է տվել, որ հեռարձակողները ջանքեր են գործադրել լուսաբանել բոլոր մրցակիցներին՝ նպաստելով տեղեկատվության բազմազանությանը և թույլ տալով ընտրողներին իրազեկված ընտրություն կատարել: Որոշ մասնավոր լրատվականներ խիստ փոխկապակցված են կուսակցությունների հետ, ցուցաբերել են ակնհայտ նախապատվություններ, մինչդեռ հանրային հեռուստաալիքը ապահովել է հավասար լուսաբանում: Հանրային հեռուստատեսությամբ կազմակերպվել է նաև իրական բանավեճեր՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Չնայած, ընդհանուր առմամբ, ընտրացուցակների հավաստիությունը հաստատվել է, այնուամենայնիվ դատարանների կողմից անգործունակ համարված անձինք ընտրելու իրավունք չեն ունեցել, ինչը հակասում է միջազգային չափանիշներին: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկքաղաքացիություն ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու իրավունք չտալը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31